հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Շուկա / Ուժ տալ փոքր և միջին ձեռնարկություններին․ Փաշինյանը՝ տնտեսական համակարգի մասին

Ուժ տալ փոքր և միջին ձեռնարկություններին․ Փաշինյանը՝ տնտեսական համակարգի մասին

Հայաստանի նոր կառավարության նպատակը ներառող տնտեսական համակարգ ստեղծելն է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հեղափոխությունից առաջ մենք ունեցել ենք մի տնտեսական համակարգ, որտեղ կոնկրետ ոլորտները, տնտեսական գործունեությունը, տնտեսական գործունեության առանձին ձևերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, և այժմ տնտեսական գործունեության ձևերը պետք է լինեն հասանելի։ Ընդ որում, սա չի նշանակում, որ այն մարդիկ, որոնք գործել են այս կամ այն ոլորտում, այլևս չպիտի կարողանան գործունեություն ծավալեն այդ ոլորտներում։ Սա նշանակում է, որ մյուսները նույնպես պիտի ունենան այդ հնարավորությունը», ֊ ասել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ իր ընտրվելուց հետո տվյալ խնդրի լուծման համար քաղաքական խոչընդոտներ չկան, իսկ կառավարությունը իր պարտքն է համարում մոնիտորինգ իրականացնել, հասկանալ՝ ինչ փոփոխություններ են տեղի ունենում, իսկ եթե փոփոխություններ չկան կամ դրանք դանդաղ են ընթանում, ապա գործադիրը պետք է մտածի նոր գործիքակազմեր ստեղծելու մասին։

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ մեր տնտեսական համակարգի հենասյուներն են կոռուպցիայի դեմ պայքարը և անկախ դատական համակարգի ստեղծումը», ֊ ընդգծել է բանախոսը։ Փաշինյանն ընդգծել է, որ ներկայումս աշխատանք է տարվում հարկային օրենսգրքի փոփոխությունների վրա, որի շրջանակում պետք է լուծվի փոքր և միջին ձեռնարկություններին ուժ տալու քաղաքական խնդիրը։

Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստվում է ստեղծել հնարավորություններ, երաշխավորել ներդրումների անվտանգությունը, զարգացնել ենթակառուցվածքները, ինչը պետության պարտավորությունն է։

Փաշինյանն ասել է, որ տեղյակ է՝ կան օրենքներ, որոնք շտկման կարիք ունեն և դա արվելու է, բայց բացառվում է, որ Հայաստանի բիզնեսում կլինեն արտոնյալներ։