«Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, Երևանի պետական համալսարանի իրավագիտության դասախոս Գևորգ Պետրոսյանի հրապարակային գրառումների առիթով «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպությունը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել։ Կազմակերպությունը նշում է, որ գրառումներին պետք է քրեաիրավական որակում տրվի և դեպքը պատշաճ քննության առնվի: Ատելության խոսք պարունակող իր գրառման մեջ Պետրոսյանը կոչ էր արել Հայաստանից վտարել սեռական, կրոնական փոքրամասնություններին և նրանց պաշտպաններին․ «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»։
«Իր հայատրարաությամբ Գևորգ Պետոսրյանը չարաշահել է իր դիրքը։ Նա պատգամավոր է, նրան որոշ մարդիկ ընտրել են, արդյոք ինքը բացառում է, որ այդ մարդիկ, որոնք իրեն ընտրել են, մի օր էլ նրա կոչը չեն իրականացնի», – մեզ հետ զրույցում ասել է «Փինք Արմենիա»֊ի նախագահ Նվարդ Մարգարյանը։
Պետրոսյանն իր գրառումն արել էր Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում օգոստոսի 3-ին 9 երիտասարդների վրա հարձակումից և ծեծից հետո։