հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Հայաստանի սահմանադրական կարգը և ռուս գեներալները

Հայաստանի սահմանադրական կարգը և ռուս գեներալները

«Հրապարակ» թերթը գրում է, որ Հայաստանի իրավապահները գիտեն պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի տեղը, սակայն չեն կարող ձերբակալել: ՀՀ գեներալ-գնդապետ Հարությունյանը Ռուսաստանի քաղաքացի է, և կասկածներ կան, որ Մոսկվան չի ցանկանում հանձնել նրան: Նույն վիճակն է նաև Զինված ուժերի շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովի դեպքում, ով կալանավորվեց ու ազատ արձակվեց գրավով: Երկուսին էլ մարտի 1-ի գործով առաջադրվել է Սահմանադրական կարգի տապալման մեղադրանք:

Այս երկու նախկին բարձրաստիճան զինվորականները ժամանակին սիրում էին կրկնել, որ իրենք ռուսական գեներալներ են, գրում է թերթը: Խաչատուրովի պարագայում կոշտ հայտարարություններ արեց Ռուսաստանի ԱԳՆ-ն, իսկ Պուտինը եւ Նազարբաեւը մտահոգություն հայտնեցին մի քանի օր առաջ:

Հետաքրքիր է, որ նախքան կալանավորվելը Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, թե տեղյակ չէր 0038 հրամանից, որն ընկած է Սահմանադրական կարգի տապալման մեղադրանքի հիմքում, ինչպես նաեւ տեղյակ չէր, թե ինչով է զբաղվել զորքը այդ ժամանակ, ուր է գնացել եւ այլն: Եթե ելնենք այն կանխավարկածից, որ նախկինում պետության բարձրագույն դեմքը սուտ չի խոսում և «սուխոյ ատկազ» չի կանգնում, նշանակում է, որ Միքայել Հարությունյանն ու Յուրի Խաչատուրովը գործել են ինքնագլուխ, թեև Քոչարյանը գերագույն գլխավոր հրամանատարն էր:

Ի դեպ, «ապրիլյան պատերազմից» հետո այն ժամանակ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն էլ հայտարարում էր, թե տեղյակ չէ, թե Յուրի Խաչատուրովն ինչ համաձայնության է հասել Մոսկվայում Ադրբեջանի ու ՌԴ իր գործընկերների հետ՝ զինադադարի հարցով:

Քոչարյանը մեկ այլ հետաքրքիր բան էլ էր ասել՝ որ սպանություններն իրագործողները գործել են այն վայրերում, որոնք չէին վերհսկվում իշխանության ու ընդդիմության կողմից, որ մտնում էին մարդկանց մեջ, կրակում ու հեռանում, և նրանք ոչ զինվորներ էին, ոչ ոստիկաններ:

Ներկայում ուշագրավ իրավիճակ է առաջացել. Փաստացի, ՌԴ քաղաքացիները մեղադրվում են Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ եվրասիական ժամկետանց առաջնորդներն էլ անհանգստացած են նախադեպով՝ Քոչարյանի կալանավորմամբ, գրում է «Հրապարակը»: