Ռոբերտ Քոչարյանը որևէ բարոյական իրավունք չունի վերադառնալու քաղաքական դաշտ, քանի դեռ պատասխանատվություն չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ կիրառված պետական ահաբեկչության համար, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։
Օգոստոսի 14-ին «Պրիվե՛տ, Ռոբ» ակցիայի մասնակիցները տապալեցին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը։ Քոչարյանի գրասենյակը հանդես եկավ հայտարարությամբ․ «Այսօրվա միջադեպը հաստատում է մտավախությունները, որ նոր իշխանությունները չեն հանդուրժում այլախոհությունը և ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են հանդիսանում»։
«Ազատություն»-ը հետաքրքրվել էր իրավապաշտպանից, թե «այստեղ կարելի՞ է Ռոբերտ Քոչարյանի` քաղաքական դաշտ վերադառնալու ենթատեքստ տեսնել»։
«Ժամանակին իր նախագահության ժամկետն անփառունակ ավարտելուց հետո Ռոբերտ Քոչարյանը բազմիցս է փորձել քաղաքական դաշտ վերադառնալ և բազմիցս, կոնկրետ նաև ես, բնականաբար, արտահայտել եմ իմ խիստ բացասական վերաբերմունքը, մեղմ ասած, որ Ռոբերտ Քոչարյանը որևէ բարոյական իրավունք չունի վերադառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտ, քանի դեռ պատասխանատվություն չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ կիրառված պետական ահաբեկչության, այդ հանցագործության համար և պետության դեմ կատարած բազմաթիվ ծանր հանցագործությունների համար, որոնց ուղղությամբ հուսով եմ, որ քննությունը կիրականացվի», – ասաց իրավապաշտպանը։
Հայաստանի երկրորդ նախագահը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Նախկին նախագահը, նրա շահերի պաշտպանները, նաև որոշ քաղաքական գործիչներ, պնդում են, որ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:
Վերաքննիչ դատարանն անցած շաբաթվա վերջին դռնփակ նիստում քննում էր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու հարցը: Քննվում էր երկու միջնորդություն, մեկը՝ առաջին ատյանի դատարանի որոշումը բեկանելու և նախկին նախագահին ազատ արձակելու պահանջով, մյուսը վերջերս գործին միացած փաստաբան Հայկ Ալումյանի միջնորդությունն էր կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ:
Ազգային ժողովի 46 պատգամավորների ստորագրությամբ ևս երաշխավորագիր էր ներկայացվել դատարան, որով խնդրվում էր կալանքից ազատ արձակել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Վերաքննիչ դատարանը երկուշաբթի օրը վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը և Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց։
Սաքունցը վստահ է՝ այն, որ Ազգային ժողովի 46 պատգամավորներն ստորագրեցին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության տակ, ևս վկայում է, որ նա այդքան շրջանակում ունի ազդեցություն։
«Բայց հանրության շրջանակում, քաղաքական դաշտում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և ընդհանրապես Հանրապետական կուսակցությունը պետք է մոռանան որևէ ազդեցություն ունենալու մասին», – ասաց իրավապաշտպանը։