Այս տարվա մայիսի 23-ին կասեցվել է «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սյունիքի մարզի Լիճքի բամզամետաղային հանքի գործունեությունը։ Դրանից մեկ օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում գործող բոլոր մետաղական հանքերում ստուգումներ են սկսվելու։ Գործունեության դադարեցումից մոտ երեք ամիս անց Epress.am֊ի թիմը այցելել է Լիճք, որի բնակիչները, հիմնականում չցանկանալով ներկայանալ, պատմել են իրենց իմացածը հանքի մասին։ Մի քանի տարի առաջ գյուղ է այցելել Սյունիքի այն ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ում անունը կապում են հանքի շահագործման հայտ ներկայացրած «Լեռ֊էքս» ընկերության հետ։ Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նա ոչ երկիմաստ հարցրել էր՝ ո՞վ չի ցանկանում հողերը հանքին վաճառել, որից հետո գյուղացիները հիմնականում համաձայնել էին գումար վերցրել իրենց հողերի դիմաց։
Հետագայում հանքը, որն օրենքի խախտմամբ ներխուժել է «Արևիք» ազգային պարկի տարածք, «Լեռ֊էքս»֊ից անցել էր անհայտ «Թաթսթոուն» ընկերությանը․ ըստ տեղացիների՝ այն պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի (ԶՊՄԿ) նախկին տնօրեն Վահե Հակոբյանին և Սերժ Սարգսյանի փեսային՝ Միքայել Մինասյանին։ «Թաթսթոունը» հանքում իր աշխատակիցները չունի․ հանքի աշխատանքներն իրականացրել են ԶՊՄԿ֊ում գրանցված աշխատակիցները, օգտագործվել է Պղնձամոլիբդենայինի տեխնիկան։ Հանքում աշխատանքները դադարեցնելուց հետո նրանց տարել են Քաջարան և Արծվանիկ՝ ԶՊՄԿ֊ի համար աշխատանքներ իրականացնելու համար։
«Թաթսթոուն» ՍՊԸ֊ն այս տարի նաև գրավոր զգուշացում է ստացել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից, քանի որ սահմանված ժամկետներում լիազոր մարմնին չի ներկայացրել միջանկյալ տարեկան հաշվետվությունը։
Լիճքի հանքի, տնտեսության զարգացման մոդելների և հանքարդյունաբերության մասին զրուցում են բնապահպան Աննա Շահնազարյանը և լրագրող Արմեն Մելիքբեկյանը․