Home / Ոստիկանություն / Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

Վլադիմիր Գասպարյանի եղբորը մեղադրանք է առաջադրվել

Ավետիք Սարգսյան, լուս․՝ Azatutyun.am-ի

Սպանության սպառնալիքներ տալու համար քրեական գործ է հարուցվել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբոր՝ Կարեն Գասպարյանի նկատմամբ (137-րդ հոդվածի 1-ին մասով: Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը)։ Այս մասին հայտնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը։

Ըստ առաջադրված մեղադրանքի` 2018 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, «Կարեն Գասպարյանի և Կոտայքի մարզի բնակիչ Ավետիք Սարգսյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել Սարգսյանի դստեր կողմից Գասպարյանի ավտոմեքենան «Վարդավառ» տոնի կապակցությամբ ջրելու հարցի շուրջ»:

«Նույն օրը Գասպարյանը Սարգսյանին հրավիրել է Կոտայք գյուղում գտնվող իր ամառանոց, որտեղ որդու, վերջինիս ընկերների և այլոց ներկայությամբ Սարգսյանից պահանջել է ծնկաչոք ներողություն խնդրել իրեն հայհոյելու համար, սակայն վերջինս հրաժարվել է կատարել այդ պահանջը: Իրեն հայհոյելու համար Սարգսյանից վրեժ լուծելու նպատակով Գասպարյանը իր ավտոմեքենայում գտնվող հրազենով նրան սպանելու սպառնալիքներ է հնչեցրել: Արդյունքում Սարգսյանը տեղի է տվել Գասպարյանի նվաստացնող պահանջին և ծնկի գալով ներողություն խնդրել նրանից», -հայտնում է Քննչականը։

Կարեն Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: