Վայոց ձորի մարզի Եղեգիս խոշորացված համայնքի Շատին բնակավայրը ոտքի է կանգնել դեռևս մայիսին: Ճանապարհն են փակել՝ պահանջելով համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի հրաժարականը, ապա արգելափակել են գյուղապետարանի շենքը: Ստեփանյանը Շատինից հեռացել է և այժմ «նստում է» համայնքի փոքր բնակավայրերից մեկում՝ Թառաթումբում: Համայնքապետարանի աշխատանքը փաստացի պարալիզացված է, գյուղապետարանի շենքը երեք ամիս է՝ շարունակում է փակ մնալ, իսկ խնդիրներին լուծում չի տրվում: Epress.am-ի թիմի այցի ժամանակ գյուղապետարանի մոտ մոտ երկու տասնյակ մարդ էր հավաքված, նրանք ակտիվ քննարկում էին գործընթացները՝ «Արթուր, հեռացի՛ր» պաստառի տակ կանգնած: Կողքին մեկ այլ պաստառ է՝ վերնագրված «Եղեգիս համայնքի ղեկավարի բաժնետերերի ցուցակը»: Ցուցակում առաջին տեղն է զբաղեցնում գեներալ Հովիկ Օհանյանը՝ շատինցիները նրան 51 տոկոս «բաժնեմաս» են տվել, երկրորդը՝ բժշկուհի Զոյա Մարտիրոսյանն է, երրորդը՝ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ինքը՝ Արթուր Ստեփանյանը, ըստ շատինցիների, համայնքի ղեկավարի ընդամենը 6 տոկոս «բաժնեմաս» ունի:
Խնդիր 1. Խոշորացում
Շատինցիների դժգոհությունները բազմաթիվ են, ինչպես շատ դեպքերում նախորդ իշխանությունների ժամանակ դրանք չեն կարողացել բարձրաձայնել, իսկ բողոքելու կամ խոսելու դեպքում՝ ճնշվել են: Նրանք ասում են՝ համայնքի խոշորացման ժամանակ իրենց ոչ ոք չի հարցրել. միանգամից 12 գյուղ միացրել են իրար, մինչդեռ տրամաբանական կլիներ 6/6 կիսել: Միջհամայնքային տրանսպորտ չկա, որևէ միջոցառում, որ կկապեր գյուղերը չի իրականացվում, անգամ մանկապարտեզը չեն կարողացել բացել: Դրանում էլ մեղադրում են Արթուր Ստեփանյանին, իսկ համայնքների խոշորացումը բնորոշում են որպես աղետ:
Խնդիր 2. Ընտրություններ
Շատինցիների համար ամենացավոտ հարցերից է գյուղապետի ընտրությունները: Խոշորացումից հետո՝ անցյալ տարվա նոյեմբերի 5-ին, ընտրություններում 4 թեկնածու է եղել, իրական պայքարը գնացել է Շատինի նախկին գյուղապետ Տիգրան Խուդոյանի և Եգեղիս խոշորացված համայնքի ներկայիս ղեկավար Արթուր Ստեփանյանի միջև: Շատինը, որը խոշորացվածներից ամենամեծ գյուղն է, հիմնականում քվեարկել է Խուդոյանին, իսկ ավելի փոքր համայնքները կոնսոլիդացվել են Արթուր Ստեփանյանի շուրջ: Շատինցիների խոսքով՝ ընտրություններն արդար չեն եղել, Ստեփանյանի հովանավորները, օրինակ, գեներալ Հովիկ Օհանյանը և Ծառուկյան դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, «ավելի թափով» են եղել, և կարողացել են անցկացնել նրան: Ստեփանյանը հավաքել է 1952 ձայն, Տիգրան Խուդոյանը՝ 1816: Խուդոյանին մասին Շատինում ասում են, թե մի քանի ամիս է գյուղապետ եղել, բայց դրական տարբերությունը համայնքում զգացել են: Այժմ Շատինում ասում են՝ նոր ընտրություններ են հարկավոր, և թող ընտրվի նա, ով իրականում ավելի շատ ձայն կհավաքի արդար պայքարում:
Խնդիր 3. Արատես
Ֆերմեր Տիգրան Եղոյանը մեզ հետ զրույցում պնդեց, որ շատինցիները մինչև վերջ գնալու են Արատեսը վերաբնակեցնելու համար: Երկար տարիների ընթացքում ՊՆ-ի ենթակայության տակ գտվող Արատեսի տարածքը փաստացի պատկանել է գեներալ Հովիկ Օհանյանին, որը, Եղոյանի խոսքով, թույլ չի տվել, որպեսզի որևէ մեկը մուտք ու ելք անի այնտեղ: Անգամ կանաչի քաղելն է գյուղացիներին արգելվել: Այս տարվա ամռանը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը Արատեսում սկսել է դպրական կենտրոն բարեկարգման աշխատանքները, սակայն շատինցիները դրան էլ են դեմ. ցանկանում են հողերն օգտագործել գյուղատնտեսական նպատակներով, մասնավորապես, մեղվաբուծությամբ զբաղվել այնտեղ: Եղոյանը նշում է, որ որոշ լրատվամիջոցներ գրել են, թե ինքն է ցանկանում Արատեսի հողերն օգտագործել, այդ իսկ պատճառով ակտիվ պայքարում է այն վերաբնակեցնելու համար, սակայն, ֆերմերի խոսքով, դա հերյուրանք է: Եղոյանն ասում է՝ Արատեսը պետք է օգտագործվի համայնքի բնակիչների կողմից, և ինքը այլոց թվում պայքարում է դրա համար:
Խնդիր 4. Փոքր ՀԷԿ-եր
Փոքր ՀԷԿ-երը ձգվում են Եղեգիս գետի ողջ երկայնքով: Բազմաթիվ հատվածներում գետը գրեթե ցամաքել է. փաստացի գետի հիմնական մասը մտնում է խողովակների մեջ: Եղեգիսի վրա արդեն գործում են 17 ՀԷԿ-եր, մի քանիսն էլ կառուցվում են: Եղեգիս համայնքի բնակիչների տնտեսական խնդիրները հիմնականում կապված են դրանց աշխատանքի հետ: ՀԷԿ-երը համայնքներին օգուտ չեն բերում, շահույթը գնում է մասնավորին, իսկ ջրի պակասի պատճառով տարածքը ամայանում է, այգիները չորանում են: ՀԷԿ-երը պատկանում են բարձրաստիճան պաշտոնյաներին. Եղոյանը անուններ է տալիս՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր՝ Սաշիկ Սարգսյան, Հովիկ Օհանյան, նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Աղվան Հովսեփյան, որը ՀԷԿ-ը գրանցել է որդու անունով, Վայոց ձորի թեմի առաջնորդ Աբրահամ:
Բնապահպան Աննա Շահնազարյանը նշում է, որ էներգետիկ դիվերսիֆիկացման անվան տակ վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի ողջ տարածքում կտրուկ ավելանում են փոքր ՀԷԿ-երը: Ըստ բնապահպանի՝ այդ գործընթացը զուտ բիզնես տրամաբանություն է հետապնդում, բայց սոցիալական և բնապահպանական հետևանքների մասին նախորդ իշխանությունները երբևէ չեն մտածել:
«Եղեգիսի վրա կառուցված առաջին իսկ փոքր ՀԷԿ-երի աշխատանքը սկսելուց հետո շատ մեծ քննադատություն է եղել, շատ մեծ վնասներ են կրել նույն Շատինի բնակիչները: Նրանք անընդհատ բողոքել են, սակայն իրավիճակը շտկող, նորմատիվները փոխող ոչ մի գործողություն չի կատարվել: Կառուցել են արդեն 17 ՀԷԿ ու շարունակում են կառուցել», – ասել է Շահնազարյանը:
Նա ընդգծում է, որ միջազգային կազմակերպությունների հորդորները նախորդ կառավարությունը նույնպես հաշվի չի առել: Մասնավորապես, Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ 2011-14թթ.-ին մի քանի կազմակերպությունների կոնսորցիումը փոքր ՀԷԿ-երի աշխատանքի գնահատում է իրականացրել, և այդ գնահատման մեջ բազմաթիվ առաջարկներ է եղել, խոսվել է վտանգների մասին՝ և՛ բնապահպանական տեսանկյունից, և՛ սոցիալական տեսանկյունից: Բայց այդ առաջարկները չեն արտացոլվել այս ոլորտում իրականացվող քաղաքականության մեջ:
«Նոր կառավարությունը պարտավոր է հնարավորինս արագ արձագանքել այս խնդիրներին», – եզրափակում է Աննա Շահնազարյանը: