Home / Բանտ / Գողություն՝ երեխաներին պահելու համար․ պահանջում են համաներում

Գողություն՝ երեխաներին պահելու համար․ պահանջում են համաներում

Մի խումբ քաղաքացիներ Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանին համաներում տալու պահանջով բաց նամակ են հղել Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին։

Նամակը ներկայացնում ենք ստորև․

ՀՀ դատարանների կողմից վերջին տարիներին քննված և վճիռ ստացած բազմաթիվ գործեր վերաբերում են անձանց, ում արարքները պայմանավորված են եղել Հայաստանում ստեղծված ծայրահեղ անարդար, անհավասար և կեղեքիչ սոցիալ-քաղաքական իրավիճակով, երբ մարդիկ զրկված են եղել պետության պարտավորություն հանդիսացող սոցիալական ապահովությունից, հայտնվել են ծայրահեղ աղքատության մեջ, զրկված են եղել պատշաճ բուժօգնությունից ու սոցիալական ծառայություններից, պաշտպանված չեն եղել ընտանեկան և այլ տեսակի բռնություններից: Այս անարդար սոցիալական մթնոլորտը շատերին հասցրել է բանտեր. ծայրահեղ կարիքից դրդված` այս մարդիկ կատարել են արարքներ, որոնք որակվել են որպես հանցանք, սակայն հանդիսացել են այդ անձանց կողմից սեփական, ինչպես նաև իրենց խնամքի տակ գտնվող երեխաների գոյությունն ու արժանապատվությունը պահպանող ծայրահեղ վերջին միջոցը: Նախկին ռեժիմի օրոք հարստահարվել, նվաստացվել ու շատ հաճախ ապօրինաբար պատժվել են մարդիկ, որոնք այժմյան հեղափոխական կառավարությունից սպասում են համաներման։

Այսպիսի դեպքերից է Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի գործը․ Հասմիկը ծանոթուհու բնակարանից 10000 դրամ (սեփական պնդամբ` 4000 դրամ) գողության մեղադրանքով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման: Հասմիկ Սարգսյանի հանրային պաշտպանը բողոքարկել էր Առաջին ատյանի դատարանի վճիռը, որի արդյունքում Վերաքննիչ դատարանը 26․06․2018թ․ դատական նիստում վճռել է Սարգսյանին դատապարտել 5 տարվա ազատազարկման՝ առանց գույքի բռնագրավման: Գործով հաստատվել է, որ Հասմիկ Սարգսյանի կողմից գումար հափշտակելու շարժառիթը եղել է իր անչափահաս երեխաների նվազագույն արժանապատիվ գոյության ապահովման անհնարինությունը, իսկ ավելի հստակ և որոշակի՝ սովի չմատնվելու նպատակով սնվելու համար անհրաժեշտ սնունդ ձեռք գնելու հնարավորության բացակայությունը, իսկ գումար հափշտակելու նպատակը՝ սնունդ գնելը։ Այսինքն՝ երեխաներին կերակրելը պետք է դիտարկվեր (գնահատվեր) որպես ծայրահեղ անհրաժեշտություն, իսկ գումարի հափշտակությունը երեխաների կյանքին և առողջությանը չսնվելու հետևանքով անմիջականորեն սպառնացող վտանգը չեզոքացնելու (վերացնելու) նպատակով ծայրահեղ անհրաժեշտության վիճակում կատարված քայլ։ Քրեական օրենսգրքի 44 հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը ծայրահեղ անհրաժեշտության վիճակում, այսինքն՝ տվյալ անձի կամ այլ անձանց կյանքին, առողջությանը, իրավունքներին և օրինական շահերին, հասարակության կամ պետության շահերին անմիջականորեն սպառնացող վտանգը վերացնելու համար, եթե այդ վտանգը չէր կարելի վերացնել այլ միջոցներով, և թույլ չի տրվել ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում: Քրեական օրենսգրքի 44 հոդվածի 2-րդ մասով նախատեսված ծայրահեղ անհրաժեշտության սահմանազանցում թույլ չի տրվել, քանի որ Հասմիկ Սարգսյանը մուտք գործելով տուժողի բնակարան ընդամենը հափշտակել է սնունդ գնելու համար անհրաժեշտ դրամ (ըստ իրեն՝ 4000 դրամ, ըստ մեղարանքի՝ 10000 դրամ), մինչդեռ հնարավորություն է ունեցել հափշտակելու նաև այլ գույք, ինչը չի արել, այսինքն՝ նրա կողմից դիտավորությամբ պատճառված վնասը ակնհայտորեն համապատասխանել է երեխաների կյանքին և առողջությանը սպառնացող վտանգի բնույթին ու աստիճանին և վտանգը վերացնելու հանգամանքներին (հափշտակվել է վտանգը վերացնելու համար անհրաժեշտ չափի գումար)։

Հասմիկ Սարգսյանի դեպքը միակը չէ. այսօր ՀՀ բանտերում դատապարտված են տասնյակ կանայք, ում խնամքի տակ անչափահաս երեխաներ կան, ովքեր մանր հանցանքներ են կատարել իրենց երեխաներին աղքատությունից ու սովից փրկելու համար և դրա դիմաց դատապարտվել են շատ ավելի խիստ պատիժների, քան, օրինակ, կնասպան բռնարարները, սեռական բռնություններ կատարած հանցագործները և այլոք: Նման իրավիճակը չի կարող ընդունելի լինել Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում:

Հաշվի առնելով այն, որ ՀՀ արդարադատական համակարգը պարտավոր է առաջնորդվել մարդասիրության սկզբունքով՝ որպես սահմանադրական կարգից բխող պարտավորություն, այն է` մարդը հռչակված է բարձրագույն արժեք, մարդու անօտարելի արժանապատվությունը ճանաչված է նրա իրավունքների և ազատությունների անքակտելի հիմք, իսկ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու ճանաչումը հանրային իշխանության պարտականությունն են և հանրային իշխանությունը սահմանափակված է դրանցով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք, խնդրում ենք համաներման մասին օրենքի նախագծում ներառել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով քրեական պատասխանատվության ենթարկված եւ պատիժ կրող անձանց, մասնավորապես Հասմիկ Սարգսյանին։

Ստորագրյալներ`

Անահիտ Սիմոնյան

Աննա Նիկողոսյան

Աննա Շահնազարյան

Արէ Մարտիրոսյան

Արման Ղարիբյան

Արփինե Գալֆայան

Զարուհի Հովհաննիսյան

Զառա Հարությունյան

Լալա Ասլիկյան

Ստելլա Չանդիրյան