Home / Ոստիկանություն / Ոստիկանները ննջում էին․ Պինդ պետք է պահել այս իրականությունը

Ոստիկանները ննջում էին․ Պինդ պետք է պահել այս իրականությունը

Օրերս տված հարցազրույցներից մեկում նշել էի, որ այս ընտրությունները լինելու են նորմալ, հանգիստ, խաղաղ, բայց մեկ է, ցանկանում ես աչքովդ դա տեսնես: Եվ ահա այսօր մի քանի ընտրատեղամասում եմ եղել: Նաև իմ ընտրատեղամասում, որտեղ քվեարկել եմ: Առաջինը, ինչ աչք զարնեց՝ բացարձակ հանդարտությունն էր: Հանգիստ, ճանճը տզզար, կլսեիր:

Տեղամասերի մոտ չկային մեր աչքին սովոր «քուչի դիկաբրազները», բանդաները, անթրաշ բտռ-ները, տեղամասում ընդհանրապես մի րոպե հերթ չեմ կանգնել, քանի որ մարդկանց գազելներով չեն բերել-լցրել, պլան չեն կատարում: Ոստիկանները տեղամասի մոտ մի տաղավարում նստած էին, ու նրանցից մի քանիսը, լուրջ եմ ասում, ննջում էին: Դա էլ երևի ձանձրույթից: Հանձնաժողովի նախագահը ժպտում էր, քարտուղարը ժպտում էր, դա «չեբուրաշկային» ժպիտ չէր, այլ անկեղծ, իսկական:

Հենց այսպես էլ պատկերացրել եմ նորմալ ընտրությունները: Ու տեսածս, զգացածս ինձ հանգիստ չի տալիս: Մի տեսակ ափսոսանք կա, որ նոր ենք տեսնում սա, որ բազմաթիվ տարիներ պարզապես ջուրն ենք գցել: Որ մենք հիմա պետք է բոլորովին այլ երկիր լինեինք, այլ մակարդակի, այլ հարթության մեջ: Մյուս կողմից, երևի դա այդպես էլ պետք է լիներ, պետք է անցնեինք այս ամենի միջով, այս աղետների, այս անբարոյականության, փորձությունների, դժբախտությունների միջով, որ հասկանայինք, թե ինչպիսին չպետք է լինի պետությունը:

Պինդ պետք է պահել այս իրականությունը, այն մեր ձեռքում է, մեր ճակատագիրը, ապագան, հենց հիմա, հենց այս պահին մեր ձեռքում է․․․

Մհեր Ղալեչյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ