Ավելի քան 25 մարդ է զոհվել և 60֊ը տուժել Իրանի հարավ-արևմուտքում ընկած Ահվազ քաղաքում անցկացվող զորահանդեսի ընթացքում հնչած կրակոցների հետևանքով։
Mehrnews.com լրատվական գործակալության տվյալներով՝ մահացածների թիվը հասնում է 29-ի, վիրավորվորներինը՝ 50-ի։ Մահացածների թվում կան նաև կանայք և երեխաներ։ Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածների մի մասին վիճակը ծայրահեղ ծանր է։
Twitter-ի իր էջում Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը գրել է, որ զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից 8 զինվորականներ։ Զոհերի թվում կան նաև լրագրողներ։
Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ հարձակվողները եղել են 4-ը։ Նրանք բեմի հետևից կրակ են բացել շքերթի մասնակիցների վրա։
Հանցագործները զինվորական շորեր են կրել։ Կրակահերթը տևել է 10 րոպե, որոշ մարդիկ կարծել են, որ դա շոուի մաս է կազմում։ Ահաբեկիչներից 3-ը տեղում սպանվել են, 4-րդը մահացել է հիվանդանոցում, հայտնել է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Աբոլֆազլ Շեկարչին։
Զարիֆի կարծիքով՝ հարձակման պատասխանատուներն այն ահաբեկիչներն են, որոնք «վարձվել, ուսուցանվել, զինվել և վճարվել են արտասահմանյան ուժերի կողմից»։ Մասնավորապես, դրա հետևում կանգնած են ահաբեկիչների տեղական հովանավորները և նրանց «ամերիկացի տերերը»։
«Իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը չի տուժել անվտանգության ծառայության օպերատիվ արձագանքման շնորհիվ», – գրում է IRNA լրատվական գործակալությունը։
Վերջինիս տվյալներով՝ հարձակման պատասխանատվությունը իր վրա վերցրել է Սաուդյան Արաբիայի հետ կապված «Ահվազի հայրենասիրական արաբական դեմոկրատական շարժում» խմբավորումը։
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրել է նաև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, չնայած հարձակման մասնակցության վկայություն չի ներկայացրել։ Պատասխանատվության մասին հայտարարել է նաև «Ազգային դիմադրություն» արաբական արմատական ընդդիմադիր խմբավորումը։
Նշենք, որ շաբաթ օրը Իրանի տարբեր քաղաքներում, այդ թվում և Թեհրանում «Սուրբ պաշտպանություն» օրվա շրջանակներում զինվորական շքերթներ են անցկացվել։ Իրանում սեպտեմբերի 22-ը իրան-իրաքյան 1980-1988 թվականի պատերազմի հիշատակի և Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի դեմ հաղթանակի օրն է։