Amnesty International իրավապաշտպան կազմակերպության աշխատակից Օլեգ Կոզլովսկուն Ինգուշեթիայում առևանգել և խոշտանգել են։ Առևանգողները ներկայացել են որպես անվտանգության աշխատակիցներ։ Այս մասին գրում է kavkaz-uzel պարբերականը։
Իրավապաշտպանը այնտեղ էր գնացել ուսումնասիրելու այդ օրերին Ինգուշեթիայի մայրաքաղաք Մագասում ընթացող բողոքի ակցիաները։
Մագասում բողոքի ակցիաները սկսել են հոկտեմբերի 4-ից, երբ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ու Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-բեկ Եվկուրովը տարածքները փոխանակելու մասին համաձայնագիր են ստորագրել և Ինգուշեթիայի խորհրդարանը վավերացրել է այն։
Խորհրդային Միության փլուզումից հետ Չեչնիան ու Ինգուշեթիան չեն կարողանում կիսել Սունժայի շրջանը, որը մաս է կազմում միաժամանակ երկու հանրապետությունների վարչական տարածքների:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են չեղարկել Չեչնիայի և Ինգուշեթիայի միջև սահմանները վերանայելու մասին նոր օրենքը և հարցը դնել հանրաքվեի: Նրանք պահանջում են նաև Ինգուշեթիայի ղեկավար Յունուս-բեկ Եվկուրովի հրաժարականը։
Amnesty International-ի տվյալներով՝ Կոզլովսկին Մագաս էր գնացել հոկտեմբերի 5-ին։ Հաջորդ օրը երեկոյան անհայտ անձն, ով ներկայացել է որպես բողոքի ակցիաների կազմակերպիչ, ակցիայի մասնակիցների հետ հանդիպում կազմակերպելու պատրվակով, խաբելով իր մեքենան է նստեցրել իրավապաշտպանին և տարել քաղաքից դուրս, որտեղ նրան սկսել են ծեծել և սպառնալ, որ կկրակեն։
Առևանգողները, իրավապաշտպանների խոսքով, Կոզլովսկուն ստիպել են պատմել, թե ով է ինքը, ինչ է անում Մագասում, ում համար է աշխատում։ Բացի դրանից՝ ստիպել են, որ իրենց համար աշխատի։ Դրանք հետո իրավապաշտպանի մահապատժի սցենար են բեմադրել։
Տեսնելով, որ իրավապաշտպանը չի համաձայնում իրենց հետ համագործակցել, նրան տեղափոխել են հարևան Հյուսիսային Օսիա և բաց թողել օդանավակայանի մոտ։ Բաց թողնելուց առաջ անծանոթներից մեկն ասել է․ «Երբեք մի՛ վերադրձիր և մի՛ գրիր Ինգուշեթիայի մասին»։
Կոզլովսկու խոսքով՝ իրեն սպառնացել են՝ ասելով, որ կսպանեն կնոջը և երեխաներին, եթե հետո պատմի իր հետ կատարվածի մասին։