Սյունիքի բնակիչները փակել են Գորիս-Կապան ճանապարհը Քարահունջ գյուղի հատվածում՝ այդպիսով արտահայտելով իրենց բողոքը կառավարության կողմից նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելու դեմ:
Ակցիայի մասնակիցները հիմնականում Գորիսի բնակիչներ են, հայտնում է Հետքը։ Ճանապարհին կուտակված որոշ մեքենաների վարորդներ դժգոհություն են հայտնում ճանապարհը փակելու վերաբերյալ: Նրանք, մասնավորապես, հիշեցնում են ճանապարհները բաց պահելու վերաբերյալ վարչապետի կոչերը, որոնք արվում էին վերջին շրջանում այն հիմնավորմամբ, որ իշխանությունը Հայաստանում այսուհետ պատկանում է ժողովրդին։ Մարդիկ նաև ասում են, որ սա միջպետական ճանապարհ է, որը պետք է բաց մնա։
Բացի դա, նրանք խորհուրդ են տալիս բողոքի ձայն բարձրաձայնել մարզպետարանի դիմաց։