Home / Ազգային ժողով / «ՄերժիրՍերժին»-ը ՔՊ-ացավ

«ՄերժիրՍերժին»-ը ՔՊ-ացավ

2018-ի մարտին ստեղծված «ՄերժիրՍերժին» նախաձեռնությունը հայատարարություն է տարածել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած Քաղացիական պայմանագիր կուսակցությանը անդամագրվելու մասին։

«Կիսելով Թավշյա հեղափոխության արժեքներն ու սկզբունքները, ունենալով պատրաստակամություն՝ կիսելու հեղափոխության արժեքներն իրականություն դարձնելու ճանապարհին ստանձնած պատասխանատվությունը, մենք՝ #ՄերժիրՍերժին նախաձեռնության անդամներս անդամագրվեցինք Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը», – ասված է խմբի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Դրա տակ «ՄերժիրՍերժին»-ը պատասխանել է օգտատեր Maria Mazmanian-ի հարցին․

– Իսկ անկուսակցական մնալը տարբերակ չէ՞ր։ Այսինքն ով ուզում է ծառայել հայրենիքին պիտի անդամակցի ՔՊ-ի՞ն։ Կարծում եմ կոմունիզմից էդ վիճակում ենք։ Մեզ արժանի ընդիմություն է պետք ոչ թե միակուսակցություն։

– Հարգելի Մարիա, իհարկե տարբերակ է անկուսակցական մնալը, ինչպես որ կուսակցական դառնալն է տարբերակ։))

#ՄերժիրՍերժին քաղաքացիական նախաձեռնությունը և #ԻմՔայլը դաշինքը դեռևս մարտ ամսից՝ հեղափոխության վերաճաց շարժման առաջին օրերից միասին են գործել։ Միասին ստանձնել փողոցում կատարվող իրադարձությունների շուրջ որոշում կայացնելու ու պատասխանատվություն կիսելու բեռը։ Միասին վտանգի ենթարկել իրենց ունեցած ամեն ինչ, ընդհուպ մինչև ազատությունը, իսկ հեղափոխությունից հետո միասին կիսում են նաև կառավարությունում պատասխանատվություն կիսելու պատասխանատվությունը։ Կուսակցական դառնալը ընդամենը ֆորմալ քայլ էր այդ ամենը վավերացնելու։ Մեզ ընդդիմություն, այո, պետք է, բայց մենք մեզ չպատկերացրինք այդ ընդդիմության դերում, մինչդեռ նոր ուժեր, որոնց թվում՝ առողջ քաղաքական ուժեր, արդենիսկ ձևավորվում են այդ բացը լրացնելու համար։))

Նախաձեռնության անդամներից մի քանիսը բարձր պաշտոններ են ստացել մինչև ՔՊ-ին անդամակցելը․ Արեն Մկրտչյանը վարչապետ Փաշինյանի օգնականն է, Արմեն Գրիգորյանը՝ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախկին անդամ Դավիթ Սանասարյանը՝ պետական վերահսկողական ծառայության պետ։

«ՄերժիրՍերժին»-ի ակտիվ անդամներից են նաև հակաիշխանական տարբեր ակցիաների մասնակից և նախաձեռնող Թագուհի Ղազարյանը և հետազոտող Մարիա (տեսանյութում՝ 8.20 րոպեից) Կարապետյանը, ով նաև «Imagine» հակամարտությունների տրանսֆորմացիայի կենտրոնի համակարգողն է։