Ղրիմում գտնվող Կերչ քաղաքի պոլիտեխնիկական քոլեջում այսօր ուժգին պայթյուն է եղել, որի հետևանքով կան մոտ 1 տասնյակից ավել զոհեր և մի քանի տասնյակ վիրավորներ։
Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոմովը տեղեկացրել է, որ քոլեջում ահաբեկչությունը կատարել է 4-րդ կուրսի 22-ամյա մի ուսանող։ Երիտասարդն ինքնասպանություն է գործել, նրա մարմինը գտել են քոլեջի շենքում։ Դեռևս պարզվում են արարքի շարժառիթները։ Տելեգրամի Mash ալիքում հրապարակվել է մի երիտասարդի լուսանկար, որը պայթյունի հետ կապ ունի։
Ավելի վաղ Novayagazeta.ru-ն հաղորդել է, որ Ղրիմի հանրապետական բժշկական կենտրոնից նշել են, որ մահացածների թիվը հասնում է 18-ի, իսկ վիրավորներինը՝ 50-ի։ Տուժածների վերջնական թիվը, սակայն, դեռևս հայտնի չէ։
Տեղի ունեցածի հիմնական պատճառը համարվում է գազի պայթյունը։ Սակայն, ավելի ուշ Ղրիմի գազային ծառայությունը նշել է, որ ուսումնական հաստատությունում կենտրոնական գազամատակարարում չի եղել։ Կազմակերպությունը չի բացառել, որ հնարավոր է շենքում եղել է գազի բալոն։
Ականատեսները պատմում են, սակայն, որ շենքում օտար մարդկանց են տեսել և լսել են կրակոցի ձայներ։ Novayagazeta.ru-ի հետ զրույցում քոլեջի ուսանող Վլադիմիրը պատմել է, որ պայթյունից առաջ ինքը լսել է մի քանի կրակոցի ձայներ։
Սոցիալական ցանցերում նաև տարածվել է ձայնագրություն, որում մի աղջիկ, ենթադրաբար քոլեջի ուսանողներից, պատմում է տեղի ունեցածի մասին․ «Մեզ վրա կրակեցին։ Մենք սկսեցին փախնել․․․ Ես ձեռքս եմ վնասել։ Մենք վազում էինք, իսկ երեխաները պառկած էին։ Ես տեսա, թե ինչպես մի աղջիկ ընկավ և այլևս չշարժվեց․․․Իմ աչքի առաջ է այդ բոլորը։ Ես չեմ կարողանում հանգստանալ, դողում եմ և վախենում եմ անգամ տանը մնալ»։
Ավելի ուշ Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն պաշտոնապես հայտարարել է, որ շենքում չբացահայտված պայթուցիկ սարք է գործարկվել։
Հարուցվել է քրեական գործ։ Քննվում է նաև ահաբեչկության վարկածը։