Բագրատաշենի անցակետում վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում աջ ղեկով մեքենաների վարորդները՝ ՀՀ կառավարությունից պահանջելով ներմուծման արգելքի վերացում։ «Ազատություն»-ը զրուցել է ակցիայի մասնակիցների հետ, ովքեր չեն կարողանում գրանցել գնված մեքենաները։ Նրանք դժգոհ են տարեսկզբին հանրությանը ներկայացված նախագծից, որն ապրիլի մեկից հոկտեմբերի մեկն արգելում էր աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը։
«Նախագիծը լայն քննարկման է արժանանում հանրության շրջանում, բողոքներ են լինում, բայց հետո կառավարությունը նախագիծը մտցնում է Ազգային ժողով՝ հաստատելու համար, որն օրենք է դառնում։ Եվ թաքուն, ոչ֊մեկին տեղյակ չպահելով, «մինչև հոկտեմբերի 1» բառերը հանում են ու սարքում անժամկետ։ Ու հետագայում, օրենքն ընդունելուց հետո, չի հրապարակվում, հանրությունը տեղյակ չի լինում դրա մասին։ Մարդիկ, մտածելով, որ հոկտեմբերի մեկից հետո կարող են աջ ղեկերը ներմուծեն Հայաստան, սկսում են մեքենաներ առնել։ Մոտ 130 հատ մեքենա կա արդեն սահմանում կանգնած, մի 2000 էլ Վրաստանում կա», – ռադիոկայանի ուղիղ եթերում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Պարզաբանելով, թե ինչու են մարդիկ շահագրգռված աջ ղեկով մեքենաներ ներմուծել, բողոքողներն ասել են, որ դրանք ավելի մատչելի են։ «Ավելի նախընտրելի է աջ ղեկով մեքենաներ վարել, քան ձախ ղեկով՝ 20-30 տարվա, վերանորոգված, ոչ լիարժեք մեքենաներ», – մասնավորապես, ասաց տղամարդկանցից մեկը։ Մյուսի խոսքով էլ՝ 2007 թվականին արտադրված ճապոնական ավտոմեքենան ավելի «հագեցված է թե՛ անվտանգությունով, թե՛ ամեն ինչով, քան 2018 թվականի ԵՏՄ երկրում արտադրված որևիցե մեքենա»։
Կառավարությունն առաջարկում էր ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ն արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը Հայաստան՝ նպատակ ունենալով արգելել նաև Հայաստանում շահագործվող աջակողմյա ղեկով մեքենաների վերագրանցումը, սակայն այդ երկու կետերը հանվեցին։ Այդ ժամանակ Երևանում բողոքի երթեր էին կազմակերպվում աջ ղեկով մեքենաներ ունեցող վարորդների կողմից։