Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է խորհրդարանական ընտրությունները տապալելու հնարավոր դավադրությանը։
«Վաղը լրանում է վարչապետի թեկնածու առաջադրելու առաջին ժամկետը, ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ, որ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Այս ընթացքում կարո՞ղ են լինել դավադրություններ խորհրդարանական ընտրությունները տապալելու։ Տեսականորեն, այո՛․․․Չնայած բոլոր քաղաքական ուժերը հայտարարել են, որ չեն անելու դավադրություն, բայց եթե հանկարծ այդպիսի բաների փորձեն լինի, ինչի թույլ նախանշաններ սկզբունքորեն կարելի է դիտարկել, խոսքը էլի պետք է ասի ժողովուրդը։ Ես էլի նույն ճանապարհով պետք է դիմեմ ձեզ և առաջարկեմ, որ մենք նորից հավաքվենք։ Մի բան պարզ է՝ մենք պետք է գնանք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, և հույս ունեմ՝ քաղաքական ուժերը այս ըմբռմանը հակասող գործողություններ չեն անի»։
Այսօրվա Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելու օրենքի նախագիծը։ Քվեարկության համար հարկավոր է, որ ներկա լինեն ԱԺ պատգամավորի առնվազն 63-ը, սակայն ներկա են 53-ը։ Սա նշանակում է, որ կարող է տապալվել նախագծի 1-ին ընթերցմամբ ընդունումը։
«Ծառուկյան» դաշինքից բացակայում է վեց պատգամավոր, որոնց թվում՝ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Արգամ Աբրահամյանը, Վահան Կարապետյանը։ Հանրապետական կուսակցությունից բացակայում են հիմնականում այն պատգամավորները, որոնք միացել էին դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու ստորագրահավաքին։ Նրանց թվում է Արսեն Միխայլովը, Հարություն Կարապողոսյանը, Ավետ Սարգսյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Նահապետ Գևորգյանը, Հակոբ Հակոբյանը, Արայիկ Գրիգորյանը, Ռոբերտ Սարգսյանը, Նաիրի Սահակյանը, Հակոբ Բեգլարյանը, Ավետ Սարգսյանը։
Նշենք, որ ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀԿ-ի սաբոտաժը հաջողության հասնելու եզրին է, Ընտրական օրենսգրքի ընդունումը՝ լուրջ վտանգի տակ»:
Հանրային քննարկման նախաձեռնությամբ ֆեյսբուքում հանդես են եկել մի շարք քաղաքացիներ՝ կոչ անելով հավաքվել Ազգայի ժողովի այգում՝ քննարկելու ընտրական նոր օրենսգրքի ընդունման հետ կապված հարցերը։