Հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որի ուշքը գնացել է, հայտնում է Armlur.am-ը։ «Ըստ մեզ հասած տեղեկությունների` միջադեպին ականատես են եղել մոտ 13 ավագանու անդամները: Այն, որ Սյունիքի մարզը մշտապես աչքի է ընկել աղմկահարուց դեպքերով, գաղտնիք չէ ոչ մեկի համար: Նախկինում մարզպետներն էին մարդկանց ծեծի ենթարկում, իսկ հիմա էլ քաղաքապետերն են գործի անցել», ֊ գրում է կայքը:
«Գորիսի քաղաքապետարանում ավագանու նիստ է տեղի ունենում, որտեղ ընդգրկված են լինում 33 հարց: Նիստը կայանում է, որից 1 ժամ հետո քաղաքապետ Առուշ Առուշանյանն ընդմիջում է հայտարարում, և ավագանու անդամները գնում են քաղաքապետ Առուշանյանի հետ սուրճի ընդմիջման: Այդ ընթացքում քաղաքապետ Առուշանյանի և ավագանու անդամ Լյովա Արզանյանի միջև խոսակցություն է սկսվում Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի խնդիրների շուրջ: Բանն այն է, որ ավագանու անդամ Լյովա Արզանյանը Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանի որդին է: Եվ ահա ավագանու անդամ Արզանյանը քաղաքապետին կոնկրետ հարցադրումներ է անում, թե ինչու չի հետաքրքրվում Ներքին Խնձորեսկի խնդիրներով, ի վերջո վարչական շրջանը գտնվում է Գորիս համայնքի ենթակայության տակ: Այս հարցից բացի ավագանու անդամ Արզանյանը քաղաքապետ Առուշանյանին ևս մեկ կարևոր հարց է ուղղում, որը կապված է լինում Գորիս համայնքի վաճառված հողերի հետ, թե ինչպես է եղել, որ քաղաքապետի մտերիմներն են այդ հողերը գնել և նման այլ հարցեր: Այս հարցերի արդյունքում ավագանու և քաղաքապետի խոսակցությունը թեժանում է, որից հետո քաղաքապետ Առուշանյանը և ավագանու անդամը սկսում են լեզվակռվի բռնկվել: Բանը հասավ ծեծին»։ Նշվում է, որ Առուշանյանն ավագանու մոտ 13 անդամների ներկայությամբ ծեծի է ենթարկել Լյովա Արզանյանին, ինչի հետևանքով քաղաքապետարանում իրարանցում է սկսվում, ներկաները փորձում են հանգստացնել քաղաքապետին, սակայն նա այն աստիճան է զայրացած լինում, որ չի հանգստանում և շարունակում է հարվածներ հասցնել հատակին ընկած Արզանյանին:
«Ավագանու անդամներից մեզ հասած տեղեկությունների համաձայն` Արզանյանը դեմքի շրջանում լուրջ վնասվածնքներ է ստանում, որից հետո ուշագնաց լինում: Ականատես մոտ 13 ավագանու անդամները խառնվում են իրար, մի մասը փորձում է օգնել ավագանու անդամ Արզանյանին, իսկ մի մասն էլ հանգստացնել քաղաքապետին: Ծեծի ենթարկվելուց հետո Լևոն Արզանյանը հեռանում է քաղաքապետարանից, քաղաքապետին ասելով .«Պատսան ես եղել, պատսան էլ կմնաս», իսկ ահա քաղաքապետ Առուշ Առուշանյանը շարունակում է ավագանու նիստը և ներկաներին հորդորում է կատարվածը պահել որպես իրենց ներքին հարցը և այդ մասին պահպանել լռություն»: Armlur.am-ը կապ հաստատեց Գորիսի քաղաքապետի հետ։ Նա ասաց, որ նման բան չի եղել և չի էլ կարող լինել, եթե ավագանու անդամները ներկա են եղել, զանգահարեք, իրենց հարցրեք, ավագանու նիստն անցել է բնականոն:
«Իսկ ահա ավագանու անդամ Արզանյանի հեռախոսահամարները անջատված են: Ինչևէ, կատարվածի շուրջ զրուցեցինք Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանի հետ, որը ասաց.«Ձեր պես ես էլ եմ լսել այդ ամենի մասին, այլ բան չգիտեմ, որդիս քանի օր է՝ տուն չի գալիս, միայն զանգել, ասել է՝ բան չկա: Իսկ թե ինչու տուն չի գալիս, համայնքի ղեկավարը չկարողացավ ասել», ֊ գրում է կայքը։