Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում պետությանը պատճառվել է 64 միլիարդ 130 միլիոն 144 343 հազար դրամի վնաս: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը։
Հարուցված քրեական գործերի շրջանակներում պարզվել է պետությանը պատճառած վնասի չափը։ 14 միլիարդ 288 միլիոն 89.919 հազար դրամի պատճառված վնասը բացահայտել է Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը, 8 միլիարդ 984 միլիոն 53.324 հազար դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունը, 7 միլիարդ 466 միլիոն 230.606 հազար դրամը՝ Հատուկ քննչական ծառայությունը, իսկ մնացածը՝ 33 միլիարդ 391 միլիոն 770.494 հազար դրամը՝ Քննչական կոմիտեն։ Վերջինի մեջ ընդգրկված է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23 միլիարդ 553 միլիոն 817.000 հազար դրամ վնաս հասցնելու փաստով Գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործով արձանագրված վնասը։
Բացահայտված ընդհանուր վնասից 9 ամիսների ընթացքում վերականգնվել է 10 միլիադ 554 միլիոն 316.736 հազար դրամը, իսկ շուրջ 6 միլիարդ 922 միլիոն 245.802 հազար դրամի չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանք կա։
Բացի այդ, ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում, բացի պետությանը հանցագործությամբ պատճառված վնասից, պետական բյուջե է վճարվել շուրջ 1 միլիարդ 730 միլիոն 406.983 հազար դրամի տույժ-տուգանք: