Մենք հիմնականում խոսում ենք երեխաների շահից, սակայն գրեթե չենք անդրադառնում կնոջ վիճակին։ Չենք խոսում այն մասին, որ նա ապրել է սոցիալական ծանր պայմաններում, հղիության ընթացքում եղել է անչափահաս, եղել է միայնակ մայր։ Անդրադառնալով Գյումրու երեխաների տանը գտնվող երկվորյակների խնդրին՝ այս մասին ասել է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։
Հոկտեմբերի 17-ին «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» պահակը բակում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերել էր նորածին երկու տղաների։ Նրանք տեղափոխվել էին Գյումրու երեխաների տուն։
Սոցիալական ցանցերում միանգամից սկսեցին քարկոծել մորը՝ մեղադրելով, որ նա երեխաներին լքել է: Հարց էր բարձրացվում նաև, թե ինչո՞ւ սոցիալական ծանր պայմաններում ապրելով, կինը ցանկացել է երեխաներ ունենալ։
Երեխաների մայրը Մասիսից է, սակայն Գյումրի է տարել երեխաներին, որ հնարավորինս հեռու լինեն իր բնակավայրից՝ չխայտառակվելու համար։ Կինն ասել է, որ մանկատան պայմաններն իր տան պայմաններից շատ ավելի լավը կլինեն, մանկատան բակում թողնելով՝ գոնե համոզված կլինի, որ նրանց կվերցնեն ու լավ պայմաններում կմեծացնեն, երեխաները սովամահ չեն լինի։ Կինն ապրել է ծայրահեղ ծանր պայմաններում, երեխաներին ունեցել է իր ընկերոջից։
«Մի քանի շերտով է նա խտրականության ենթարկվել։ Չե՞նք տեսնում, թե հասարակությունը ինչպես է վերաբերվում նրան։ Ասում են՝ ա՛յ դու վատ մայր ես, թողնում ես երեխաներիդ, քո երեխաները ծնվել են ոչ գրանցված ամուսնությունից, դու վատ մայր ես, քանի որ դու աղքատ ես, ինչո՞ւ ես ձեռնարկում երեխան ունենալ, եթե աղքատ ես», -ասել է իրավապաշտպանը։
Հովհաննիսյանն օրինակ է բերել Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի դեպքը, երբ վերջինս իր երեխաներին պահելու համար գողություն էր արել, երեխաներին չէր լքել, սակայն այս դեպքում էլ պետությունը չի կանգնել մոր կողքին. «Բայց պատրաստ է նրան բանտում պահելու համար գումար ծախսել»։
Բանախոսներից ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչ Միրա Անտոնյանը նշել է, որ սա արտակարգ իրավիճակ է անհատի կյանքում, այն արձագանք ստացավ հասարակության մեջ, բայց 5 օր հետո սա մոռացվելու է. «Իսկ կինը մենակ է մենալու իր երեխաների և խնդրիների հետ։ Խնդիրները պետք է լուծվեն համակարգային»։
Նա կարևորել է սոցիալական աշխատողի դերը համայքներում, քանի որ նրանք կարող են ավելի վաղ փուլում նկատել մարդկանց խնդիրները և ավելի վաղ արձագանքնել։ Նրա խոսքով, սակայն, Հայաստանում սոցիալական աշխատողի դերը դեռ ձևավոված և գնահատված չէ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի օգնական Մագդա Արսենյանը նշել է, որ նախարարի պաշտոնակատար Մանե Թանիդիլյանն շատ արագ արձագանքնել է խնդրին և հանդիպել է երեխաներին և մորը.
«Մենք հասկացանք, որ մայրը հոգեբանական ճնշման տակ է եղել։ Հասկացանք, որ խնդիրը միայն ֆինանասական չէ, այստեղ խոսք է գնում համապարփակ սոցիալական աջակցության մասին։ Միգուցե մենք ենք մի տեղ թերացել, մինչև վերջ հասցեական չի տրամադրվել սոցիալական աջակցությունը, սա գուցե նաև դաս լինի մեզ բոլորիս համար»։
Ներկա փուլում երեխաները գտնվում են Գյումրու երեխաների տանը, բայց մայրը 2 օր առաջ այցելել է նրանց և նշել, որ ցանականում է երեխաներին ինքը պահել։
Նախարարության ներկայացուցիչը նշել է, որ պետությունն ամեն հարցով օգնելու է նրան. իրենք աշխատելու են, որ բարձրացնեն մոր մասնագիտական պատրաստվածությունը, որ կարողանա աշխատաշուկայում հեշտ աշխատանք գտնել։