Home / Ազգային ժողով / Հաղթելուց հետո ՔՊ-ն պետք է արտահերթ ընտրություններ կազմակերպի

Հաղթելուց հետո ՔՊ-ն պետք է արտահերթ ընտրություններ կազմակերպի

Ռիսկը մեծ է, որ Հանրապետական կուսակցության միկուսակցական կառավարման փոխարեն կարող ենք ունենալ մեկ այլ կուսակցության միակուսակցական կառավարում և դրա ձևավորման հիմնական մեխանիզմը ընտրական օրենսգիրքն է, որը այդպես էլ չփոխվեց: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ խոսելով Աժ-ի կողմից ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի տապալման մասին:

«Սա ամենամեծ վատությունն էր, որ կարող էր անել Ազգային ժողովը՝ ներկայիս կազմով, Հայաստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին: Եվ սա ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ազգային Ժողովի առաջիկա ընտրությունները պետք է լինեն միջանկյալ ընտրություններ, որովհետև մենք պետք է կատարենք բավականին լուրջ փոփոխություններ, առնվազն այն փոփոխությունները, որ հիմա առաջարկվում էր Ընտրական օրենսգրքում, բայց նաև սահմանադրական փոփոխություններ՝ նախապատրաստվելու համար հաջորդ արտահերթ պարլամենտական ընտրություններին», – շեշտել է Սաքունցը:

Բանախոսն արտահայտել է նաև Ընտրական նույն օրենսգրքով առաջիկա ընտրություններին մասնակցելու հետ կապված իր մտահոգությունները. «Այստեղ ես վերստին գալիս եմ այն մտքին, որ այսօրվա ընտրական օրենսգրքով, եթե 70 տոկոսը ստանում է մեկ կուսակցություն, մենք ունենալու ենք խնդիրներ, թե այդ 70 տոկոսը արդյոք զերծ կմնա՞ միկուսակցական կառավարման համակարգից:

Երկրորդը, իհարկե, ռեյթինգայինն է: Ռեյթինգայինը ճանապարհ է բացում, որ քաղաքական բնույթի դիսկուրսի փոխարեն արդեն անձերը այդ ցուցակներով տեղերում վերարտադրվելու հնարավորություն ունենան: Այն մարդիկ, որոնք Հանրապետական կուսակցության հովանու տակ էին անցել, հիմա նրանք, առանց այդ հովանու մնալով, ռեյթինգային ընտրակարգով վերարտադրվելու վերջին շանսն են ունենում:

Մենք խոսում ենք այնպիսի գործոնների մասին, որոնք ամենևին չեն նպաստելու անցնցում անցկացմանը և, ցավոք սրտի, իրենց մեջ պարունակում են ընտրական գործընթացներում լարվածության առաջացում, ոչ թե լարվածության վերացում: Եվ մենք վերստին պետք է հույսներս դնենք իրավապահ մարմինների վրա՞. ես չէի ուզենա: Կարևորում եմ իրավապահ մարմինների դերը ընտրական խախտումների կանխարգելման առումով, բայց դա չպետք է լինի միակ երաշխիքը ընտրությունների: Այն, ինչ Վրաստանում տեսա, որ ոստիկանները բավականին հեռու էին, կարող էին միջամտել միայն, եթե կար ակնհայտ բռնություն, մնացածում ոչ մի դերակատարում չունեին, իսկ մենք մեր հույսը դնում ենք իրավապահ մարմինների վրա, որոնք կգտնեն կամ կկանխարգելեն հնարավոր կրիմինալը: ՉԷ, քաղաքական ուժե՛րը պետք  դերակատարում ունենան: Հիմա քաղաքական պրոցեսին չնպաստող օրենսդրությամբ հերթական անգամ գնում ենք Ազգային ժողով. սա է ամենամեծ մտահոգությունը»:

Սաքունցի խոսքով, այս ամենը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պետք  է փոխել Սահմանադրությունն ընդհանրապես. «Դա է լինելու առաջիկա պահանջը Քաղաքացիական պայմանագրից, որը, ես կարծում եմ, որ ունի անվերապահ վստահություն և մեծ առավելությամբ անցնելու է: Հենց ինքը նաև պետք է նախաձեռնի Սահմանադրության փոփոխությունները, ընտրական օրենսգրքի փոփոխությունները, կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները, որից հետո անպայման պետք է սեփական իսկ նախաձեռնությամբ անցկացվի նոր արտահերթ ընտրություններ, որպեսզի մենք վերջին հաշվով առաջ գնանք: Այս Սահմանադրությամբ և այս օրենսգրքով ևս  5 տարի շարունակել աբսուրդ է»։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության  վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համաձայնել է Սաքունցի հետ՝ նշելով.

«Մենք համոզվեցինք մի անգամ էլ, որ խայտառակ Ազգային ժողով ունենք: Բավականին մեծ թվով հակապետական մտածելակերպ ունեցող մարդկանց ունենք, քանի որ այն մարդիկ՝ մոտավորապես 50 հոգի, ովքեր կամ չեն մասնակցել, կամ չեն քվեարկել ընտրական օրնսգրքի փոփոխությանը, շատ լավ հասկանում էին՝ ինչ էին անում. շատ լավ էին հասկանում, որ պետությունը հետ էին գցում: Նվազագույնը մի քանի տարի կկորցնենք, որ ձևավորենք նորմալ Ազգային ժողով: Բայց գլխավոր վնասը, որ իրենք տվեցին՝ ընտրություննրից հետո ռեյթինգայինով մենք նորից կունենանք անորակ Ազգային ժողով:

Այո, Քաղպայմանագիրը՝ Նիկոլ Փաշինյանը, կունենա մեծամասնություն. շատ հավանական է, որ այդքան մեծ չէ, որքան իրենք մտածում են, բայց կունենա: Բայց ինձ մտահոգում է էն մյուս մասը, քանի որ Ազգային ժողովի էն մյուս մասը բոլորիս համար, նաև առաջին հերթին Նիկոլ Փշինյանի համար, շատ կարևոր է՝ ինչ որակի պետք է լիներ: Այնտեղ կարող էին հայտնվել քաղաքական ուժեր, այդ թվում քաղաքականացված դեմքեր՝ փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոնք անընդհատ կճնշեին կառավարությանը, հարցեր կբարձրացնեին, իրենց քննադատությամբ կաջակցեին, որ Ազգային Ժողովը աշխատի: Քանի որ մենք պետք է հիշենք, որ այլևս պառլամենտական համակարգում ենք, ամեն ինչ որոշվում է պառլամենտի ներսում: Ու եթե Քաղպայմանագիրը հակակշիռ չունենա, ակնհայտ է, որ շատ ու շատ սխալներ կանի: Ռեյթինգայինը որ մնաց, կգցի պառլամենտի այն մասի որակը, որը մեծամասնության շարքերում չի լինելու: Ավելի մեծ վատություն դժվար էր պատկերացնել»: