2018 թ. նոյեմբերի 3-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը հարցաքննեց մեկ ցուցմունքով գողության մեջ մեղադրվող Հովիկ Մատինյանի գործով վկաներին:
Նրանք դատարան են հրավիրվել Մատինյանի պաշտպաններ, հանրային պաշտպան Արշակ Մկոյանի և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի միջնորդությամբ:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հիշեցնում է, որ 2017 թ. հոկտեմբերին ՌԴ-ից Գյուլագարակ գյուղում հյուրընկալված Հ.Մատինյանին 700.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի գողության մեջ մեղադրել է գյուղի մեկ այլ բնակիչ՝ Ա.Մատինյանը: Ընդ որում՝ նա գողություն անողին նախ այլ կերպ է նկարագրել, հետո փոխել է ցուցմունքը՝ պատճառաբանելով, թե գողության օրը շփոթված է եղել:
Տուժողի ցուցմունքից բացի՝ քրեական գործում Հովիկ Մատինյանի մեղքն ապացուցող այլ փաստեր չկան: Ամբաստանյալն ու հարազատները պնդում են, որ նա գողության մեջ հանիրավի է մեղադրվում:
Դատարանը մերժում է Հովիկ Մատինյանին կալանքից ազատելու և խափանման այլ միջոց կիրառելու՝ պաշտպանների միջնորդությունները: 2018 թ. հոկտեմբերի 25-ին ևս պաշտպան Արշակ Մկոյանը միջնորդեց փոխել խափանման միջոցը, սակայն կրկին մերժում ստացավ:
Հ.Մատինյանի մյուս պաշտպան Անի Չատինյանն արդեն ՀՀ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է միջնորդությունը մերժելու մասին դատավոր Ս. Բաղդասարյանի որոշումը:
Նա նշել է, որ դատարանի այն պնդումը, թե Հովիկ Մատինյանը ազատության մեջ գտնվելու դեպքում կարող է փախուստի դիմել, քանի որ ՌԴ քաղաքացի է, խտրական մոտեցում է դատավորի կողմից հատկապես այն դեպքում, երբ ամբաստանյալի անձնագիրը քրեական գործում է: Բացի դրանից՝ դատարանը վկայակոչում է հանցագործության ծանրության աստիճանը, ինչը ինքնին, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների, չի կարող հիմք լինել կալանքի համար: Այս պահին ավարտված է գործով դատակոչված վկաների հարցաքննությունը, և նրանց վրա ազդելու վտանգ այլևս չկա, թեև նախկինում էլ չեն եղել: Ինչ վերաբերում է պաշտպանական կողմի միջնորդությամբ հրավիրված վկաներին, ապա նրանց վրա ազդելու վտանգի մասին խոսք լինել չի կարող: Դատաքննության ընթացքում հետազոտված ոչ մի ապացույց չի փաստել Հովիկին մեղսագրվող արարքը:
2018թ. նոյեմբերի 3-ին դատարանը լսեց պաշտպանական կողմի միջնորդությամբ դատակոչված վկաներին: Առաջինը հարցաքննվեց Հովիկ Մատինյանի մորեղբոր կինը՝ Աղունիկ Առաքելյանը, որի տանը գիշերել է Հովիկը հանցագործության կատարման օրը: Նա պնդեց, որ այդ օրը Հովիկը 00:30-ի սահմաններում տուն է եկել (հանցագործությունը կատարվել է 4:00-ի սահմաններում) և վստահեցրեց, որ նա տնից դուրս չի եկել, քանի որ ինքը, դստեր հարսանիքի պատրաստություններով պայմանավորված, գիշերը արթուն է եղել և միայն լուսադեմին է քնել: Կողմերի հարցերին ի պատասխան՝ վկան պատմեց նաև այդ օրվան նախորդող 2 օրերի իրադարձությունների մասին, ներկայացրեց այլ մանրամասներ: Մեղադրող դատախազի առաջարկով թղթի վրա պատկերեց իրենց տան դիրքը, նշեց, թե որ մասում է կայանել Հովիկի մեքենան:
Այն, որ Հովիկը հանցագործության կատարման օրը 00:30-ի սահմաններում է տուն եկել, հաստատեց նաև հարևանը, որը ավտոմեքենայի լուսարձակներից ու շան հաչոցից դուրս է եկել համոզվելու, որ ամեն ինչ կարգին է: Նրա կինն էլ իր ցուցմունքում նշեց, որ առավոտյան, երբ գնացել է Հովիկի տատիկի ու մորեղբոր կնոջ հետ սուրճ խմելու, տեսել է, որ Հովիկը քնած է նախասրահում:
Հովիկի՝ այդ գիշեր տանը լինելու հանգամանքը հաստատեցին նաև մորեղբայրն ու նրա փեսան։ Վերջինս Հովիկի հետ գիշերել է նույն նախասրահում:
Վկաները պատասխանեցին կողմերի ու դատարանի հարցերին, ներկայացրին մանրամասներ:
Նրանց լսելուց հետո Հովիկ Մատինյանն ու նրա պաշտպանները միջնորդեցին հարցաքննել նաև շտապբուժօգնության բրիգադին, որը դեպքի օրը բուժօգնություն է ցուցաբերել տուժող Անուշ Մատինյանին: Կհարցաքննվեն նաև Գյուլագարակի համայնքապետն ու դպրոցի տնօրենը:
Հաջորդ դատական նիստը 2018թ. նոյեմբերի 23-ին՝ ժամը 12:30-ին է:
Աղբյուրը՝ hcav.am