Home / Հայաստան / ՀՀԿ֊ի ցմահ «դատավճիռը» Սերժ Սարգսյանին

ՀՀԿ֊ի ցմահ «դատավճիռը» Սերժ Սարգսյանին

ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Հայկական Ժամանակ»֊ի հետ զրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանը միշտ լինելու է ՀՀԿ նախագահ և նոր համագումարն էլ նրան է նախագահ ընտրելու:

Սահակյանի հայտարարությունը, ըստ էության, սպառնալիք է Սերժ Սարգսյանի հասցեին՝ ցմահ «դատավճիռ»: Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 25-ից Սերժ Սարգսյանը հայտնել է հեռանալու ցանկություն: Նա հավաքել էր ՀՀԿ խմբակցությանը, հորդորել քվեարկել միասնական՝ վարչապետի հարցում, հետո նաև առաջարկել էր դիտարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը:

Բայց Սերժ Սարգսյանին բաց չթողեցին ու բաց չեն թողնում մինչև հիմա, և Գալուստ Սահակյանը սպառնում է, որ չեն թողնելու մինչև վերջ: Դա ՀՀԿ վրեժխնդրությունն է Սերժ Սարգսյանից՝ ցմահ իշխանության համար: ՀՀԿ-ն համոզված է, որ Սարգսյանն իր այդ ցանկությամբ «կործանեց» համակարգը, և եթե չգնար վարչապետի պաշտոնին, չէր լինի այն ամենն, ինչ եղավ:

Ու ցմահ իշխանության կործանարար հավակնության հանդեպ վրեժխնդրությունը ՀՀԿ-ն իրականացնում է Սարգսյանին ՀՀԿ ցմահ նախագահություն պարտադրելով: Նրան թույլ չեն տալիս հեռանալ, ստիպելով մնալ ու անիշխանությունից «տառապել» իրենց հետ, զգալ այն փլատակների ծանրությունն ու փոշին, որ մնացել են ՀՀԿ-ում իշխանությունից զրկվելու հետևանքով:

Գալուստ Սահակյանը մշտապես եղել է ՀՀԿ խիղճը և հոգին ու կամա թե ակամա արտահայտել այն, ինչ տիրել է դրանցում:

Մյուս կողմից, Սերժ Սարգսյանին բաց չի թողնում նաև Ռոբերտ Քոչարյանը: Սարգսյանը թերևս կասկած չունի, որ ՀՀԿ-ն բաց թողնելու դեպքում այն կանցնի Ռոբերտ Քոչարյանին: Այդ դեպքում կա վտանգ, որ Քոչարյանը ՀՀԿ փլատակների տակից կարող է հանել բաներ, որոնք խնդրահարույց լինեն Սերժ Սարգսյանի համար:

Քոչարյանի համար ՀՀԿ-ն այլ նշանակություն չունի էլ, բայց հենց այդ հանգամանքը Սերժ Սարգսյանին ստիպում է շարունակել «ավերակների վրա թագավորելը», կամ ավելի շուտ՝ պարեկություն անելը: Խորհրդանշական է, որ Սարգսյանը լռում է և իշխանությունը թողնելուց հետո խոսել է ընդամենը երկու անգամ, երկուսն էլ տխուր առիթներով՝ Շառլ Ազնավուրի և Յուրի Վարդանյանի մահվան:

Խոսելու այլ պատճառ Սերժ Սարգսյանը չունի, նրա միակ խնդիրը ՀՀԿ փլատակները պարեկելն է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը դրանք չտնօրինի ըստ իր հայեցողության:

Սերժ Սարգսյանին տասը տարի պահանջվեց ՀՀԿ-ն իշխանությունից հեռացնելու համար, ընդ որում դա չստացվեց առանց անձամբ հեռանալու: Սարգսյանն ի վերջո որոշեց բաց չթողնել պահը, որ ընձեռել էր հասարակությունը, այլապես դիմադրելու դեպքում կհեռանար միայն Սերժ Սարգսյանը:

Քանի՞ տարի կպահանջվի Սերժ Սարգսյանից ՀՀԿ-ն նաև ընդդիմությունից հեռացնելու համար:

Հակոբ Բադալյան, lragir.am