հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բնապահպանություն / Նախարարությունը փորձաքննության էր ընդունել ուժը կորցրած օրենքով կազմված հանքի նախագիծը – ՀԲՃ

Նախարարությունը փորձաքննության էր ընդունել ուժը կորցրած օրենքով կազմված հանքի նախագիծը – ՀԲՃ

ՀՀ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչները ս․թ․ նոյեմբերի 10-ին նամակ էին ուղարկել Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնության էլեկտրոնային փոստին, որը մենք նույն օրը հրապարակել էինք մեր կայքում՝ որոշ մեկնաբանություններով։ Նամակագիրները նշել էին, որ նախորդիվ դիմել են բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, բայց դիմումն անարձագանք է մնացել, ուստի այժմ դիմում են մեզ՝ ակնկալելով մեր աջակցությունը:

Ծանոթանալով նամակում նշված բազալտի հանքին առնչվող բնապահպանության նախարարության կայքում 20․09․2018թ․ տեղադրված նյութերին՝ պարզել էինք որոշ լուրջ անհամապատասխանություններ և խախտումներ, որոնց մասին գրել էինք մեր մեկնաբանություններն ու առաջարկները նախարարին։

Դրանք հետևյալն էին․

«Հանքը գտնվում է Անգեղակոթ գյուղից ընդամենը 500 մետր հեռավորության վրա։ Այստեղ են ձևավորվում և բխում «Ջաղացի աղբյուր» և «Վարդան Զորավար» սառնորակ ու գերազանց որակի խմելու ջրի խոշոր աղբյուրները։ Գյուղում է գտնվում նաև «Սբ. Վարդան եկեղեցու քարայր կացարանի և աղբյուրի համալիր» բնության հուշարձանը, որի մասին չգիտես ինչու ոչինչ չկա նշված ընկերության կազմած ՇՄԱԳ-ի մեջ։ Իսկ ամենազարմանալին այն է, որ բնապահպանության նախարարություն ներկայացված այդ փաստաթղթի մեջ նշված է, որ այն կազմվել է 1995 թվականին ընդունված Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին ՀՀ օրենքի համաձայն, որը վաղուց ուժը կորցրել է (դեռ 2014թ․-ին)։ Հարց է առաջանում, թե ինչո՞ւ ՀՀ բնապահպանության նախարարությունը հետ չի վերադարձրել ուժը կորցրած օրենքի դրույթներով կազմած անորակ ՇՄԱԳ-ը, այլ ընդունել է այն և ընթացք տվել բնապահպանական փորձաքննության գործընթացին։

Կոչ ենք անում նախարարին անմիջապես դադարեցնել այս գործընթացը, որը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ բնապահպանական գնահատման և փորձաքննության ոլորտում ոչ մի բան չի փոխվել, իսկ ողջ ՇՄԱԳՓ գործընթացն ու դրա ընթացքում իրականացվող հանրային քննարկումներն էլ՝ առաջվա նման կրում են ձևական բնույթ»։

Բայց հետագայում պարզվեց, որ փաստաթղթերը հետ վերադարձնելու և բնապահպանական փորձաքննության գործընթացը դադարեցնելու փոխարեն, նախարարությունը նոյեմբերի 12-ին իր պաշտոնական կայքում ընդամենը տեղադրել է Սյունիքի մարզի Անգեղակոթի բազալտի հանքավայրի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության լրամշակված տարբերակը, որտեղ ընդամենը վերացված են մեր մեկնաբանություններում նշված ակնհայտ թերությունները։

Ստիպված ենք կրկին փաստել, որ նախարարությունում մոտեցումները գրեթե չեն փոխվել և իներցիայով շարունակվում է հին համակարգից մնացած գործելաոճն ու հանրային կարծիքը ստորադասելու միտումները։

Ներկայացնում ենք նաև Անգեղակոթի բնակիչների նամակը․

«Անգեղակոթ բնակավայրը տեղակայված է Որոտան գետի ձախափնյա սարավանդի վրա, մարզկենտրոնից 108 կմ հյուսիս-արևմուտք: Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, հողագործությամբ և ծխախոտի մշակությամբ։

Տարիներ շարունակ Անգեղակոթի վարչական տարածքում շահագործվել է բազալտի հանքավայր՝ ոչ մեծ արդյունաբերական ծավալներով: Այժմ «Բազալտ-7» նոր կազմավորված ընկերությունը փորձ է անում տարածքն ընդլայնելու և լայն թափով հանքավայրը շահագործելու: Հոկտեմբերի 4-ին Անգեղակոթի գյուղապետարանում նախատեսված էին լսումներ: Քանի որ լսումներին նախորդող ժամանակահատվածում չէին պահպանվել ՀՀ 2014թ. նոյեմբերի հ. 1325-ն որոշման պահանջները, այն է՝ հանրությանը պատշաճ կերպով ծանուցել, և Ձեր միջամտության շնորհիվ այն հետաձգվել է, և կայացել է հոկտեմբերի 18-ին: Այս անգամ ևս գյուղում որևէ ծանուցում չի եղել, տեսանելի վայրերում որևէ հայտարարություն փակցված չի եղել, ուղղակի գյուղում լուր են տարածել, որ ստեղծվելու են աշխատատեղեր, որին նվիրված կազմակերպվելու է քննարկում: Լսումներին մասնակցել են միայն կազմակերպիչները՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի, գյուղապետարանի և «Բազալտ-7» ընկերության ներկայացուցիչները: Միջոցառումը տևել է ընդամենը մի քանի րոպե, ինչը խիստ զարմանալի է, քանի որ միայն ընկերության նախագիծը բաղկացած է մի քանի տասնյակ էջից: Մեզ խիստ մտահոգում է, որ կազմակերպության ներկայացրած ծրագրի իրագործման դեպքում լուրջ վնաս կհասցվի մեր համայնքին: Ըստ ներկայացրած նախագծի, մոտ 3 հա տարածքի վրա պետք է արդյունահանվի 247 հազար 612 խորանարդ մետր բազալտի բլոկ, որը պետք է մեքենայով տեղափոխվի մոտ 1.5 կմ, որոնց արտանետումները մեծ վնաս կհասցնեն շրջակայքի վարելահողերին, եղևնիների պուրակին, որը համարվում է բնության հատուկ պահպանվող տարածք: Հանքավայրից ոչ հեռու գտնվում է Վարդան Զորավարի սրբավայրը, որտեղ ամեն տարի այցելում են բազմաթիվ մարդիկ Հայաստանից և արտերկրից, և սրբավայրին նույնպես կհասցվի անդառնալի վնաս:

Ծանոթանալով նախագծի երկրորդ կետին՝ էջ 14-23, որտեղ նկարագրվում է աշխատանքային պրոցեսը, օգտագործվելիք տեխնիկան և տեխնոլոգիան, նաև թափոնների ամբարումը, այն մեզ թվում է անիրագործելի, առավել ևս, երբ նախատեսվում է ջրցան մեքենայի օգտագործում: Նախագծում նշվում է, որ տարածքում ստորգետնյա ջրերը բացակայում են, այնինչ մենք, որպես տարածքի վաղեմի բնակիչներ, լավ գիտենք, որ այնտեղ կան աղբյուրներ և այլ ստորգետնյա ջրեր, որոնք գյուղացիները օգտագործում են ոռոգման նպատակով: Նախագծի 24-րդ էջում ամրագրված սանիտարական սարքավորումների կիրառումը խիստ կասկածելի է, հաշվի առնելով նախորդ շահագործողի փորձը, որի իրավահաջորդն է «Բազալտ-7» ընկերությունը: Նախագծի սոցիալական հատկացումների չափը տարեկան կազմում է 700 հազար դրամ, ինչը խիստ անբավարար է: Այդ գումարից 100 հազար դրամով բարեկարգվելու է դաշտամիջյան ճանապարհը, իսկ գյուղի անապահով ընտանիքներին տարեկան հատկացվելու է 200 հազար դրամ այն դեպքում, երբ գյուղի բնակչության կեսը անապահով է, մյուս կեսն էլ կդառնան այդպիսին՝ զրկվելով բանջարանոցը մշակելու հնարավորությունից: Ըստ ծրագրի (էջ 28), նախատեսվում է ստեղծել 11 աշխատատեղ, ընդ որում, նախատեսվում է 2 պահակ, ինչը աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտում է: Մեր կարծիքով, նյութերի ծախսը (էջ 29) գրված է աչքաչափով, այն դեպքում, երբ տարեկան արտադրողականությունը նախատեսվում է 4952 խորանարդ մետր բազալտի մարվող պաշար (էջ 30), այնինչ ամբողջ աշխատանքի համար նախատեսվում է ընդամենը 20 տոն դիզվառելիք, ինչը ակնհայտ քիչ է: Այս օրինակը բավարար է արձանագրելու, որ մնացած հաշվարկները ևս արված են աչքաչափով, իրական չեն, ուստի այս նախագծով գործնականում անհնար է հաշվարկել շրջակա միջավայրին հասցվելիք ռեալ վնասի չափը: Ի դեպ, բաց հանքի ծառայության ժամկետը նշված է 50 տարի, այնինչ օրենքով լիցենզիան տրամադրվում է առավելագույնը 25 տարով:

Մենք մասնագետ չենք, բայց քաջածանոթ լինելով տարածքին, խիստ կասկածում ենք ներկայացված նախագծի նախաբանի բոլոր թվերին և համոզված ենք, որ գեղեցիկ ձևակերպումների տակ թաքնված են մեր գյուղի էկոլոգիական վիճակի բազմաթիվ սպառնալիքներ: Բնապահպանական փորձաքննության եզրակացության տրամադրման գործընթացում պետք է ուսումնասիրություն իրականացվի հենց տեղում՝ վերհանելու բոլոր ռիսկերը և բնակիչներին տրամադրելու դրանց ազդեցության վերաբերյալ գնահատականներ»:

Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնություն
Էլ. փոստ՝   [email protected]