Բարսեղ Բեգլարյանի որդուն պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015 թվականին իրականացվել էր առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի համար սեփականատերն ու հարազատները մեղադրել էին «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին։ Նրանք պահանջել էին վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։
Քննչական կոմիտեն նշում է, որ քննությամբ հիմնավորվել է, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն ընկերության «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանի հետ միասին 2016 թվականի մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության կոնֆերենս սրահում ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին մեղադրել է յուրացումներ կատարելու մեջ:
«Պատճառված վնասը վերականգնելու նպատակով, իրավապահ մարմիններին դիմելու և օրենքով սահմանված կարգով ենթադրաբար հափշտակությամբ պատճառված վնասի փոխհատուցումն ստանալու փոխարեն, բռնության գործադրմամբ, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է որպես վնասի փոխհատուցում անվանափոխել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող վերջինիս բնակարանը կամ վճարել 20.000 ԱՄՆ դոլար գումար:
Արդյունքում՝ նախկին կոմերցիոն տնօրենը, Բ.Բեգլարյանի ուղղորդմամբ, իր սեփականություն հանդիսացող բնակարանը 2016 թվականի ապրիլի 25-ին գրավադրել է բանկում, իսկ գրավի 9.700.000 ՀՀ դրամը փոխանցել ընկերությանը», – նշում է Քննչական մարմինը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հ.Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության)։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործն ուղարկվել է դատարան:
Լուսանկարը՝ Hetq.am-ի։