Home / Առողջապահություն / Ազատազրկվածի առողջական խնդիրը բախվեց լիցենզավորման բացակայությանը

Ազատազրկվածի առողջական խնդիրը բախվեց լիցենզավորման բացակայությանը

2019-ի հունվարից կգործի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը բժշկական ծառայություններ կմատուցի ազատազրկված անձանց

2019թ. հունվարի 15-ից ՀՀ Արդարադատության նախարարության ենթակայությամբ կգործի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը հիվանդանոցային և արտահիվանդանոցային, այդ թվում՝ ատամնաբուժական ծառայություններ կմատուցի ազատազրկված անձանց: Իսկ լիցենզավորումը կիրականացնի ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Այս մասին ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը ՀՔԱ Վանաձորի գրասենյակին հայտնել է 2018թ. նոյեմբերի 9-ին թվագրված գրությամբ:

2018թ. սեպտեմբերին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել «Վանաձոր» ՔԿՀ դատապարտյալ Ա. Ն.-ի կինը և հայտնել, որ ամուսինն ատամնաբուժական օգնության կարիք ունի, սակայն քրեակատարողական հիմնարկը դա չի ապահովում՝ պատճառաբանելով, թե ատամնաբույժ չկա:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ էր դիմել նաև ատամնաբույժ Վ. Մ.-ն և հայտնել, որ պարբերաբար ատամնաբուժական ծառայություններ է մատուցել «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժը կրող անձանց: Սակայն քանի որ դա մշտական բնույթ չի կրել, այդ գործունեության համար լիցենզիա ձեռք չի բերել, որովհետև դրանից բխող հարկային պարտականությունները համարժեք չեն այդ գործունեությունից ստացած եկամտին: Առանց համապատասխան լիցենզիայի՝ ՔԿՀ-ում ատամնաբուժական ծառայություն մատուցելու համար նա ոչ միայն հարկվել էր, այլ նաև՝ տուգանվել ընդհանուր 400.000 ՀՀ դրամով:

Ստացվում է, որ մի կողմից խոչընդոտներ են ստեղծվում ատամնաբուժական ծառայություններ մատուցող անձանց համար, մյուս կողմից պատճառաբանում, թե ՔԿՀ-ն չունի ատամնաբույժ և չի կարող տրամադրել այդ ծառայությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. սեպտեմբերի 28-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ դատապարտյալին անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու և ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ատամնաբուժական ծառայությունների անխոչընդոտ մատուցումն ապահովելու հարցով:

Ուշագրավ է, որ ահազանգի մասին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի առաջին գրությանը ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Հ. Քոչինյանը պատասխանել էր միայն դատապարտյալ Ա. Ն.-ին տրամադրված բուժօգնության մասին, սակայն առհասարակ ատամնաբուժական ծառայություններն անխոչընդոտ մատուցելու հարցին Նախարարությունը չէր անդրադարձել:

Եվ միայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ այդ հարցով 2-րդ գրությունից հետո ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ս. Քրմոյանը տեղեկացրել է, որ 2017թ. մարտի 1-ին ընդունված որոշման համաձայն՝ 2019թ. հունվարի 15-ից կգործի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի շրջանակում իրականացվող գործունեությունը կլիցենզավորվի ՀՀ Առողջապահության նախարարության կողմից: Իսկ լիցենզավորման ոլորտի ներկայիս օրենսդրությունը կիրառելի չէ քրեակատարողական հիմնարկների բժշկական ծառայությունների գործունեության նկատմամբ: