հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հասմիկ Սարգսյանի գործին

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հասմիկ Սարգսյանի գործին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի գործին՝ նշելով, որ այն գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում, և քանի դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, վարչապետը չի կարող միջամտել․ «սպասենք Վճռաբեկի որոշմանը և հետո որոշենք»։

Հասմիկ Սարգսյանի գործի մասին մանրամասն՝ այստեղ։

Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Փաշինյանն այցելել էր Ջերմուկ, մի խումբ քաղաքացիներ, որոնք ամիսներ շարունակ պայքարում են, որ Սարգսյանի նկատմամբ կալանք չկիրառվի, գործը քննվի այլ տեսանկույնից, Փաշինյանին կարճ ներկայացրել էին Հասմիկի գործի հանգամանքները և խնդրել ուշադրության կենտրոնում այն պահել։ Նոյեմբերի 6-ին Վճռաբեկ դատարանն արդեն մերժել էր Սարգսյանի բողոքը վարույթ ընդունել։ Հետևաբար որոշ ժամանակ անց կինը հայտնվելու էր բանտում։

Ծանր պայմաններում ապրող միայնակ, հիվանդ կինը իր 4 երեխաներին պահելու համար մի քանի անգամ գողություն էր արել և Վերաքննիչ դատարանի կողմից դատապարտվել 5 տարվա ազատազրկման։

Ներման մասին ՀՀ օրենքի համաձայն՝ հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր անձ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո ներման խնդրագիր ներկայացնելու իրավունք ունի: Հասմիկ Սարգսյանը ներման խնդրագիր էր ներկայացրել Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին։ Ներման խնդրագրին կցված էին նաև  30-ից ավել անհատների՝ պաշտոնյաների, լրագրողների, այլ քաղաքացիների և 40-ից ավել կազմակերպությունների ներման միջնորդությունները։

Ըստ օրենքի՝ ներման խնդրագիրը քննարկելու նպատակով նախարարությունը ներման խնդրագիր ներկայացրած անձի վերաբերյալ կազմում է անձնական գործ և ներկայացնում վարչապետին:

Վարչապետն այն ուղարկում է Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ ներման խնդրագրի վերաբերյալ եզրակացություն ստանալու նպատակով:

Հանձնաժողովը ներման խնդրագիրն ստանալուց հետո վարչապետին ներկայացնում է եզրակացություն ներման խնդրագրի վերաբերյալ: Հանձնաժողովի՝ ներման խնդրագրի վերաբերյալ ներկայացված եզրակացությունը խորհրդատվական բնույթ ունի:

Վարչապետը Հանձնաժողովի եզրակացությունն ստանալուց Հանրապետության նախագահին ներկայացնում է ներման խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին առաջարկություն։ Հանրապետության նախագահն ստորագրում է ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին նախագիծը։

Սարգսյանի հանրային պաշտպան Լուսինե Ասլանյանը նոր երևան եկած հանգամանքներ էր ներկայացրել Վճռաբեկ դատարանին, որն էլ օրեր առաջ  գործը վարույթ է ընդունում։ Ինչը նշանակում է, որ ներման հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ դատական ատյանը որոշում չի կայացրել։

Հենց դրա համար էլ վարչապետն իր էջում հրապարակել էր Սարգսյանի որդու զինակիցների՝ իրեն ուղղված բաց նամակը, որով խնդրում են ներում շնորհել Սարգսյանին և գրել, որ այս պահին գործը վարույթում է, և ինքը չի կարող միջամտել։

Epress.am-ը զրուցել է Սարգսյանի պաշտպան Լուսինե Ասլանյանի հետ, որը դեռևս չգիտի, թե իրենց բողոքի որ կետն է հաշվի առել Վճռաբեկ դատարանը, որ որոշել է այնուամենայնիվ գործը վարույթ ընդունել։

«Ներկայացրել ենք երևան եկած նոր հանգամանքներ․ նախ նշել ենք, որ Վերաքննիչ դատարանը պատժի կրման ժամկետի հետ կապված սխալ հաշվարկ էր արել, ըստ էության, ավելի էր խստացրել ժամկետը։ Բացի այդ՝դեռևս վարույթում է գտնվում ՀՔԾ-ի գործը, ուստի խախտվում է Հասմիկի անմեղության կանխավարկածը», -ասել էր պաշտպանը։

Հասմիկ Սարգսյանը պնդում է, որ վերջին անգամ ինքը գողացել է ոչ թե 10․000 դրամ, այլ 4000։ Քննիչն է խոշտանգումով իրեն ստիպել այդպես գրել։ Դրա հետ կապված գործ է հարուցվել ՀՔԾ-ում, որը, սակայն, կարճվել է՝ ապացույցներ ձեռք չբերելու հիմքով։ Գործը բողոքարկվել է դատախազությունում, որն էլ անփոփոխ է թողել ՀՔԾ-ի որոշումը։ Սարգսյանը դիմել է դատարան։ Երկու օրից Շենգավիթի դատարանում տեղի կունենա դատական նիստը։