Home / Առողջապահություն / Ինքնահրկիզված կինը բողոքում էր առողջական վիճակից

Ինքնահրկիզված կինը բողոքում էր առողջական վիճակից

Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 20-ին ինքնահրկիզված և երեկ հիվանդանոցում մահացած Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ 86-ամյա Ռիմա Գրիգորյանը դեպքից օրեր առաջ Ազգային ժողովի ընդունարան է գնացել և խնդրել, որ օգնեն իրեն։ Epress.am-ը զրուցել է ինքնահրկիզմանն ականատես Գեղամ Գևորգյանի և ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի օգնական Հասմիկ Հակոբյանի հետ, որը դեպքից օրեր առաջ հանդիպել էր կնոջը։

«Այդ կնոջը մի քանի անգամ տեսել էի Կառավարության մոտ, հենաշարժի օգնությամբ էր քայլում։ Ինչքան տեսել եմ, նա փորձում էր ներս մտնել Կառավարություն։ Այդ օրը առավոտյան էլ էի տեսել Կառավարության մոտ։ Ոստիկանները չէին թողնում ներս մտնի, ճիշտ է՝ սիրալի ձևով էին ասում, որ լսել են, կիջնեն վերևից։ Չեմ կարող ասել՝ հստակ ինչ էր ուզում, բայց կարծում եմ՝ բողոքը սոցիալական էր, քանի որ ինքը հաշմանդամ էր և բավականին մաշված էին հագուստները, մրոտ էր։

17։35 էր, փողոցն էի անցնում։ Կինը հենարանի օգնությամբ մոտեցել էր աստիճաններին։ Դեռ զեբռաների վրա էի, նկատեցի, որ կրակայրիչով մի քանի հատ շրխկացրեց ու սկսեց վառվել։ Ուժեղ բենզինի հոտ էր գալիս։ Ու ինքը այրվելով փորձում էր ներս մտնել։

Վառվելուց հետո էլ գիտակցությունը տեղն էր, բայց լուռ էր, ոչ մի բան չէր ասում։ Նույնիսկ, երբ նրան դնում էին շտապ օգնության պատգարակի վրա, լուռ էր։ Գլուխը շարժում էր, կողքերն էր նայում, բայց լուռ էր։ Ինձ մոտ էն տպավորությունն էր, որ նա ցավ էլ չի զգում, զրոյական էմոցիա էր մոտը։ Այդ պահին տեսա, որ ձեռքին թուղթ կա, ոստիկանն առանձնացրեց, դրեց մի կողմ։ Հետո չիմացա, թե ուր դրեցին։

Անցնողները հիմնականում ասում էին, «Էս ո՞վ ա էս գիժը», մի տարիքով տղամարդ էլ ասաց․ «Վերջը վառե՞ց իրեն»։

Նախորդ օրը ես էլի անցնում էի, մոտավոր նույն ժամն էր, էլի փորձում էր ներս մտնել Կառավարություն ու գոռում էր, որ նման քայլի է դիմելու։ Ես ինձ մեղավոր եմ զգում, որ տեսա ու ոչինչ չարեցի», – պատմել է Գեղամ Գևորգյանը։

ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ալեն Սիմոյանի օգնական Հասմիկ Հակոբյանը պատմել է,  որ մոտ 10 օր առաջ Ազգային ժողովի ընդունարանում պատահաբար հանդիպել է Ռիմա Գրիգորյանին․ «Համար էր ուզում ինչ-որ։ Հետո ինձ տեսավ, ու խոսքի բռնվեցինք։ Ասաց, որ Ծառուկյանին է ուզում տեսնել․․․ Ես հետո զանգեցի Զովունիի ոստիկանություն, էնտեղից  ասացին, որ Ռիմա տատիկին գիտեն, որ  հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի։ Ռիմա տատիկը բողոքում էր, որ ականջների մեջ խշշում է, ասում էր՝  բզեզներ կան ականջներիս մեջ, հանեք, չեմ կարողանում քնել։ Ասում էր, որ ինձ թուղթ ու գիր են արել։ Ասում եմ՝ տատի ջա՛ն, Ձեզ ինչո՞վ կարող եմ օգնել, ոչ մի բան ասում է, ինձ ոչ-ոք չի կարող օգնել։ Ասում էր՝ ուզում եմ՝ մաշկս քոր չգա ու ականջներիս խշշոցը վերանա՝ կարողանամ քնեմ։ Էդքան բան, ինքը պահանջ չուներ։ Ես էդտեղ քաղաքացու պետք է ընդունեի, գնացի իմ գործին»։

Զովունիից ոստիկանության աշխատողները Հակոբյանին ասել են, որ ճանաչում են կնոջը։ Վերջինս ավելի վաղ պատմել է իրենց, որ բժշկուհի է, որդիները Լոնդնում են։ Ասել են նաև, որ կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն քանի որ հասարակության համար վտանգավոր չի եղել, հոգեբուժարան չեն տարել։