«ՀՀ ԱԳՆ-ը և Ղազախստանում ՀՀ դեսպանությունն առաջին իսկ պահից մշտական կապի մեջ են գտնվում Ղազախստանի իշխանությունների, պատկան մարմինների հետ՝ որոշում կայացնողների մակարդակով: Այդ անմիջական շփումները Հայաստանի և Ղազախստանի գերատեսչությունների միջև շարունակվում են», ֊ ասված է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի հայտարարության մեջ։ Ըստ նրա՝ երկուստեք որդեգրվել է նույն դիրքորոշումը, որ սա կենցաղային քրեական երևույթ է, որին ազգամիջյան նրբերանգ տալու որևէ փորձ պետք է խստորեն բացառել։ «Ղազախական կողմից տրվել են բոլոր հավաստիացումները, որ ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ՝ իրավիճակի վերահսկման և նմանօրինակ պոռթկումների վերացման ուղղությամբ: Եվ այդ միջոցները ձեռնարկվում են։ Դեսպանությունը նաև շուրջօրյա կապի մեջ է համայնքային կառույցների ղեկավարների հետ:
Գիտակցելով ստեղծված իրավիճակի հետ կապված մտահոգությունները՝ կոչ ենք անում խորհրդատուներին, մասնագետներին առավել մեծ պատասխանատվություն ցուցաբերել այս շատ զգայուն հարցի շուրջ իրենց հայտարարություններում և չտրվել պոպուլիզմի և սադրանքների գայթակղությանը. սա գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի և անհանդուրժելի են»։
Հունվարի 6-ին Կարագանդա քաղաքում հարյուրավոր քաղաքացիներ փողոց են դուրս եկել՝ իշխանություններից պահանջելով պարզաբանումներ տալ քաղաքում տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի կապակցությամբ։ Նրանք բացատրություն և արդար դատաքննություն էին պահանջել հայերի մասնակցությամբ ծեծկռտուքի վերաբերյալ, որի հետևանքով կա մեկ զոհ։
Ղազախստանի իշխանությունները միևնույն ժամանակ հերքել են ենթադրությունները, թե ծեծկռտուքը միջէթնիկ բնույթ է կրել:
Ամանորի գիշերը ռեստորաններից մեկում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասնակիցներից երեքը, ըստ Ղազախստանի ոստիկանության տարածած հաղորդագրության, ազգությամբ հայեր են՝ Թորգոմ Մալխասյան, Սոխակ Մալխասյան, նրանք ձերբակալվել են և կասկածվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ, գործով անցնող Նարեկ Գուրուրյանը հետախուզվում է, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։