ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն, անդրադառնալով 18-ամյա զինծառայողներին առաջնագծից դուրս բերելու հարցին, ասաց, որ վաղուց է հասունացել առաջնագծի կառուցվածքն ու ինժեներական ամբողջ համակարգը վերակառուցելու, ուժեղացնելու և այնտեղ ծառայության փոփոխություն իրականացնելու խնդիրը։
Հունվարի 17-ին նա Ազգային ժողովի ամբիոնից կրկնեց իր այն միտքը, որ անհրաժեշտ է փոխել առաջնագծում զինվորների տարիքային ցենզը՝ առաջնագծից իջեցնելով 18 տարեկաններին։ Ու թեև որոշ փաստարկներ են բերվում, որ նախագծի կիրառման համար բավարար տնտեսական և ֆինանսական միջոցներ չկան, Քոչարյանը համոզված է՝ առաջնագծի փոփոխությունը «կարող է ապահովել նաև տնտեսական էֆեկտ»։
«Իմ զինվորական ընկերները հիմնականում կիսում են իմ տեսակետները, միակ արգումենտը, որ դեմ են իմ տեսակետի հիմա կիրառմանը, դա զուտ տնտեսական, ֆինանսական միջոցների բացակայությունն է։ Բայց կարծում եմ, որ կարելի է գտնել տարբերակ նույն Տնտեսական հանձնաժողովի հետ քննարկումների արդյունքում, որ առաջնագծի փոփոխությունն ինքը կարող է ապահովել նաև տնտեսական էֆեկտ», – «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ եթե առաջնագծի զինվորականները ստանան արժանապատիվ աշխատավարձ, նրանք այդ աշխատավարձը կներդնեն տվյալ տարածքում՝ իրենց ընտանիքները կմոտեցնեն տվյալ տարածք՝ առաջնագծից հանելով 18 տարեկան երեխաներին։
ԱԺ֊ում ընթանում են 11 հանձնաժողովների նախագահների թեկնածուների վերաբերյալ քննարկումները: Հանձնաժողովների նախագահներն ընտրվելու են փակ գաղտնի քվեարկությամբ: