Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց և օպերատիվ-հետախուզության բաժինների աշխատակիցները 2019 թվականի հունվարի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում զննման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Հայաստանից Կանադա արտահանվող՝ հագուստի պարունակությամբ 2 առաքանի՝ ընդհանուր 25 կգ քաշով: Զննման ընթացքում մաքսային ծառայողները պատռել են կասկածելի հագուստը: Պարզվել է, որ դրանց ներքին մասում առկա թաղիքները ներծծված են «ափիոն» տեսակի թմրամիջոցով, տեղեկացնում է ՊԵԿ֊ը։
«Իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաջորդ օրը` հունվարի 11-ին, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի և օպերատիվ-հետախուզության բաժնի աշխատակիցները «Ագարակ» պետական սահմանի անցման կետից բերման են ենթարկել ծանրոցը Կանադա ուղարկող Իրանի քաղաքացի Ռ.Ա․-ին: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` Զվարթնոց օդանավակայանի մոտակայքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել դեպքի հետ առնչություն ունեցող Իրանի մեկ այլ քաղաքացի՝ Ս.Ե․-ն:
ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր, ինչպես նաև այդպիսիք պատրաստելու համար օգտագործվող և հատուկ հսկողության տակ գտնվող նյութեր, սարքավորումներ կամ գործիքներ արտադրելու, ձեռք բերելու, պահելու, հաշվառելու, բաց թողնելու, փոխադրելու կամ առաքելու կանոնները խախտելը) հարուցվել է քրեական գործ, իրականացվում է նախաքննություն: ԻԻՀ երկու քաղաքացիները կալանավորված են», ֊ ասված է հաղորդագրության մեջ։