2018 թ. օգոստոսի 18-ին պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու անհրաժեշտության մասին: Իր խոսքում նա մասնավորապես նշել է. «Ես չափազանց կարևոր եմ համարում, որ մենք, մեր դատական համակարգի այսօրվա վիճակն արձանագրելով, առաջիկայում լուրջ քննարկում ունենանք և որոշում կայացնենք անցումային արդարադատության մարմիններ ստեղծելու վերաբերյալ»:
Այս համատեքստում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է Թունիսի Հանրապետության «Անցումային արդարադատության հաստատման և կազմակերպման մասին» օրգանական օրենքի հայերեն ոչ պաշտոնական թարգմանությունը: Հայերեն թարգմանությունը կատարել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) կողմից կատարված ոչ պաշտոնական թարգմանությունից:
Օրենքում ներկայացված է անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների կոպիտ խախտումների ուղղությամբ «անցումային արդարադատություն» իրականացնելու գործընթացը՝ ավտորիտար համակարգի քայքայման միջոցով ճշմարտության բացահայտումը, պատասխանատվության ենթարկելն ու վնասի հատուցումը, ինստիտուցիոնալ բարեփոխումները անկախ հանձնաժողով ստեղծելու միջոցով:
Անցումային արդարադատությունը, ըստ օրենքի, նշանակում է «անցյալում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները հասկանալու եւ դրանցով զբաղվելու համար կիրառվող մեխանիզմների եւ մեթոդների ամբողջական գործընթաց՝ բացահայտելով դրանց ճշմարտությունները եւ պատասխանատվության ենթարկելով դրանց համար պատասխանատվություն կրողներին, ապահովելով զոհերին հատուցմամբ և վերականգնելով նրանց իրավունքները՝ ազգային հաշտեցման հասնելու, կոլեկտիվ հիշողությունը պահպանելու եւ փաստաթղթավորելու, նման խախտումների չկրկնվելը եւ ավտորիտար պետությունից ժողովրդավարական համակարգին անցումը երաշխավորելու համար, որը նպաստում է մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը»:
Օրենքը, ի թիվս մարդու իրավունքների կոպիտ խախտումների, նշում է դիտավորյալ սպանությունը, բռնաբարությունը եւ սեռական բռնության ցանկացած ձեւ, խոշտանգումը, բռնի անհետացումը, մահապատիժն առանց արդար դատավարության երաշխիքների:
Որպես գործընթացի վերջին բաղադրիչ նշվում է հաշտեցումը, սակայն հատուկ ընդգծվում է, որ «հաշտեցումը չի նշանակում խախտումների համար պատասխանատուների անպատժելիություն եւ պատասխանատվության բացակայություն»:
«Ընդհանուր դրույթներ» բաժնում ներկայացվում է Անկախ հանձնաժողովի կազմավորումն ու աշխատանքը:
Օրենքը հնարավորություն է տալիս ծանոթանալու անցումային արդարադատության միջազգային փորձին և հասկանալու նման օրենքի ընդունման անհրաժեշտությանը Հայաստանի Հանրապետությունում ներկա իրավիճակում:
Փաստաթուղթն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ