ՀՀԿ֊ական նախկին պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար, «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Փուչիկ Կարեն» անունով հայտնի Կարեն Ավագյանի՝ 2018 թ. մայիսի 25-ին Քննչական կոմիտե տված հաղորդման հիման վրա մեղադրանք է առաջադրվել հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանին։
Ըստ Ավագյանի հաղորդման՝ ապրիլի 6-ին գործադիր տնօրենը հիշյալ հիմնադրամի անունից ինքն իր հետ կնքել է 326.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագիր: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում և առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամ»-ի գործադիր տնօրենը, 2010 թվականից հանդիսանալով հիմնադրամի գործադիր տնօրեն, 2013 թվականի ապրիլի 29-ից մինչև 2018 թվականի մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հիմնադրամից հափշտակել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գումար:
Նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել առերևույթ հափշտակված առանձնապես խոշոր չափի գումարի հանցավոր ծագումը, դրա իրական բնույթը՝ օրինականացրել է այն՝ փոխկապակցված տարբեր ընկերությունների և ֆիզիկական անձանց հաշվեհամարներին մաս-մաս փոխանցելու, կանխիկացնելու, ինչպես նաև՝ տարատեսակ գործարքներ իրականացնելու միջոցով:
Այսպես՝ գործադիր տնօրենը 2013թ. ապրիլի 29-ից մինչև 2018թ. մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամից յուրացման եղանակով հափշտակված, հանցավոր ճանապարհով ստացված 325.600.000 ՀՀ դրամ գումարի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով, առանձանապես խոշոր չափի՝ 226.464.209 ՀՀ դրամ գումարը, մշակված հանցավոր մեխանիզմների և սխեմաների կիրառմամբ, հաշվից հաշիվ փոխանցելու, քողարկելու և մասնատելու եղանակով օրինականացրել է: Մասնավորապես՝ հիմնադրամի գործադիր տնօրենը նույն ժամանակահատվածում հիշյալ գումարը կանխիկ փոխանցել է իր մոր անվամբ գրանցված բանկային հաշվեհամարներին:
Այնուհետև, 15.05.2013 թվականից մինչև 29.12.2016 թվականն ընկած ժամանակահատվածում մոր հաշվեհամարից 539.332 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է Մեծ Բրիտանիայում գործող բանկերից մեկի հաշվեհամարներին, որից հետո 14.05.2013 թվականից մինչև 30.12.2016 թվականն ընկած ժամանակահատվածում Մեծ Բրիտանիայում գործող հաշվեհամարներից 490.583 ԱՄՆ դոլար փոխանցել է կնոջ՝ Մ. Ղ.-ի հաշվեհամարին, ապա կնոջ հաշվեհամարից 477.485 ԱՄՆ դոլար գումարը փոխանցվել է իր՝ հայաստանյան հաշվեհամարին և կանխիկացման և բանկային փոխանցման եղանակով օգտագործել է իր անձնական կարիքների համար», -նշված է գերատեսչության հաղորդման մեջ։
Հիշեցնենք, որ 2012 թվականի ՀՀԿ֊ի նախընտրական հավաքի ժամանակ Հանրապետության հրապարակում փուչիկներ էին պայթել, քանի որ դրանք լցված էին ոչ թե անվտանգ հելիումով, այլ պայթուցիկ գազով։ Տասնյակ երեխաներ տուժել էին պայթյունից։ Հավաքի կազմակերպման գործընթացն այն ժամանակ ստանձնել էր հենց Կարեն Ավագյանը։