Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Ազգային Ժողովի պատգամավոր Էդուարդ Բաբայանին՝ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու համար։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինե Օհանջանյանը տեղեկացրեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծանր մարմնական վնաս պատճառելը, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ՛ ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար։ Դատախազության հանրային կապերի բաժնից խոստացան ավելի ուշ պաասխանել «Փաստինֆո»-ի հարցին, թե արդյոք մեղադրական եզրակացությունն արդեն հաստատվել է, թե ոչ։
2018 թվականի հուլիսի 2-ին մարզիկի հայրը ծանր մարմնական վնասվածքներով «Արմենիա» հիվանդանոց էր տեղափոխվել ԲՀԿ առաջնորդ, Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, խոշոր ձեռնարկատեր Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահից, որտեղ տեղի էր ունեցել հանդիպում բռնցքամարտիկների եւ օլիմպիական կոմիտեի ղեկավարության միջեւ։ Հանդիպմանը Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր Վյաչեսլավ Հարությունովի հետ։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով չեմպոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել էր քրեական գործ եւ հայտարարել, որ մարզիկի հորը ծեծելու կասկածանքով Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնապահ Էդուարդ Բաբայանին ձերբակալելու մասին։
Ավելի ուշ՝ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ գործն ուղարկել են ՀՔԾ, քանի որ «ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ»։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանին մեղադրանք չի առաջադրվել։
Էդուարդ Բաբայանը հայտնի է որպես Գագիկ Ծառուկյանի թիկնապահ, ով մշտապես նրան ուղեկցել է հանդիպումների ժամանակ։ Քննության ընթացքում Էդուարդ Բաբայանը սակայն ներկայացել է որպես Գագիկ Ծառուկյանի խորհրդական։ Իսկ հարուցված քրեական գործն էլ չխանգարեց, որ նա առաջադրվի որպես պատգամավորի թեկնածու եւ ընտրվի պատգամավոր։
ԱԺ կայքում հրապարակված պաշտոնական կենսագրական տվյալների համաձայն՝ Էդուարդ Բաբայանը Ծառուկյանի խորհրդական աշխատելուն զուգահեռ եղել է նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության՝ 6-րդ վարչության աշխատակից։