Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները 3-րդ ընթերցմամբ և վերջնական ընդունել են օրենք, որը պատիժ է սահմանում համացանցում կեղծ լուրերի տարածման դեպքում։ 322 պատգամավոր կողմ են քվեարկել օրենքին, դեմ են եղել՝ 78-ը։
Այսուհետև, համապատասխան հրամանով գլխավոր դատախազը կարող է խմբագրությանը ստիպել ջնջել անընդունելի հրապարակումը, վարչական պատասխանատվությունը կհաջորդի միայն այն դեպքում, երբ հրապարակողը չի պատասխանի վերահսկիչ մարմնի ծանուցմանը:
Բացի դրանից՝ տեղեկատվությունը կարող է արգելափակվել, եթե դրա տարածումը «վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հասարակական կարգի խախտմանը, ռազմավարական կարևոր ենթակառուցվածքների համակարգերին»։
Օրենքի խախտման համար առաջարկվում է քաղաքացիների համար տուգանք սահմանել 30-ից մինչեւ 100 հազար ռուբլի, պաշտոնատար անձանց համար համար՝ 60-ից 200 հազար ռուբլի, իրավաբանական անձանց համար՝ 200-ից մինչև 500 հազար։
Եթե կեղծ տեղեկությունների տարածումը հանգեցնի անձի մահվան կամ առողջության վնասի, ապա տուգանքի չափը մեծանում է:
Դեռևս օրենքի քննարկման ժամանակ դրա դեմ հանդես են եկել իրավապաշտպաններ և ակտիվիստներ։
Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալինին իր հեղինակային հաղորդման մեջ անդրադարձել է այս օրենքին՝ ծաղրանքով նշելով, որ «վերջին անգամ են քննադատում կառավարությանը»։ Եթերի ժամանակ նրա սեղանին դրված է եղել բաժակ՝ «Կրեմլում բոլորն ապուշ են» գրությամբ։
«Նրանք [պատգամավորները] բառից բուն իմաստով հայտարարեցին, որ պատրաստվում են ուղղակի խժռել համացանցը, բոլորիս բերանը փակել»։
Նավալնին նշել է, որ այս օրենքը սկսվել է մշակվել «Зимняя вишня» առևտրի կենտրոնի հրդեհից հետո, որի հետևանքով մի քանի տասնյակ մարդիկ մահացան, այդ թվում՝ երեխաներ։ Սկսվեց բարձրաձայնվել, որ առևտրի կենտրոնի շինարարության թույլտվության հետ կապված անօրինակություններ են կատարվել, սակայն ոչ մի պաշտոնանատար անձի մեղադրանք չի առաջադրվել մինչև այսօր։ Այն մարդիկ, նշում է ընդդիմադիր գործիչը, որոնք դրանից առաջ էլ փող էին աշխատում «Зимняя вишня»-ով, հիմա էլ աշխատում են։
«Եթե դուք հիմա ասեք իշխանություններին՝ դուք մինչև վերջ քննություն չեք տարել, ես ձեզ ատում եմ, դուք սուտասաններ և խաբեբաներ եք, դա կլինի կեղծ լուր է՝ համեմված իշխանությունների դեմ անհարգալից վերաբերմունքով»։
Նշենք, որ Ռուսաստանի Պետդուման ընդունել է մեկ այլ օրենք ռուսաստանյան հասարակության, պետական խորհրդանիշների ու պետական կառույցների մասին անհարգալից հրապարակումների համար:
Նավալնին կոչ է արել այս օրենքի դեմ պայքարել՝ այն հանրայնորեն չկատարելով։