Կիրակի ավարտեցի Ռոբերտ Քոչարյանի գրքի ընթերցումը։ Հրապարակման օրվանից ցանկանում էի կարդալ։ Միշտ էլ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է մեկ ուրիշը տեսել ու ընկալել այն զարգացումները, որոնց որոշ չափով նաեւ դու ես առնչվել։
Ղարաբաղյան շրջանի՝ ինձ անծանոթ դեպքերի շարադրանքներում անընդհատ տեսնում ես սեփական անձի բացառիկությունը ընդգծելու անթաքույց ցանկություն։ Սա զարմացնող չի։ Շատ կան նման ինքնակենսագիրներ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Քոչարյանը, իրոք, պատերազմի մասնակից ու կազմակերպիչներից մեկն է եղել՝ այս դրսեւորումների վրա կարելի էր եւ չսեւեռվել, եթե չլինեին ճչացող գլուխգովանությունները։ Ասենք՝ 1997 թ․ հետ կապված մի այսպիսի դրվագ կա՝ պատմում է, իբր Ստեփանակերտի իր աշխատասենյակում ծանրաբեռնված աշխատելիս է լինում մեկ էլ գործավարուհին զեկուցում է, որ ընդունարանում Վազգեն Սարգսյանը եւ Սամվել Բաբայանը սպասում են, ու շարունակում է՝ մի տաս րոպեից ընդունեցի։ Ով ճանաչել է Սամվել Բաբայանին, Վազգեն Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին եւ տեղյակ է եղել, թե ինչ փոխհարաբերություններ են ունեցել նրանք, սա կարդալիս կամ պետք է քրքջա կամ ներողամտորեն պետք է ժպտա։
Արդեն Հայաստանում տեղի ունեցած ինձ խիստ ծանոթ դեպքերի շարադրանքներում փաստերի աղավաղված ներկայացումն անընդհատ է ու աչք է ծակում։
Ասվածը վերաբերվում է եւ ՀՀ քաղաքացի լինելու տեղեկանքին, եւ հոկտեմբերի 27-ին, եւ ընտրություններին, եւ Հյուսիսային պողոտային, եւ 2008-ին, եւ մարտի 1-ին, եւ հետմարտիմեկյան զարգացումներին։ Շատ ավելի հեշտ կլինի թվարկելը, թե երբ է հեղինակը ճիշտ ներկայացնում փաստերը։
Վարդան Հարությունյան, իրավապաշտպան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ