«Սեփականատերերը ոչ մի կոնտակտի դուրս չեն եկել, քաղաքապետարանի աշխատակիցներն են միշտ կապ հաստատել: Ամեն ինչ արվել է մաքսիմալ մեղմ, ես ինքս եմ հատուկ հանձնարարել՝ ամեն ինչ անել մեղմ, մարդկային», – Հանրային հեռուստաընկերության «Լուրեր 60 րոպե» հաղորդման ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ մեկնաբանելով Օպերային հարող տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժումն ու դրանց աշխատակիցների խոսքերն այն մասին, թե տարածքի վարձակալները պատշաճ չեն ծանուցվել սպասվող գործողությունների մասին։
«Նախ, ծանուցումները ժամանակին ստացել են բոլոր 3 տնտեսվարող սուբյեկտները։ Կան ստորագրություններ, որտեղ նշում են, որ խնդրում են մենք ինքներս ապամոնտաժենք, տեղափոխենք գույքը: Բացի այդ, խոսել ենք հենց տնօրենների հետ, ասել են, որ մենք քանդենք, իրենք չեն պատրաստվում հեռանալ, անգամ անձամբ հանդիպել եմ սեփականատերերից մեկի հետ: Սեփականատերերը չեն ցանկացել հանդիպել քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, ոչ-մեկը տնօրեններից ցանկություն չի հայտնել ու առաջարկին էլ չի համաձայնել», – պատմել է Մարությանը։
Նա նաև ասել է, որ թվերը, որոնք իբր ցույց են տալիս այս գործողությունների հետևանքով գործազուրկների քանակը, ուռճացված են։ Խոսքն, ըստ նրա, ոչ թե հարյուրավոր, այլ մոտ երկու տասնյակ մարդկանց մասին է։
«Մարդիկ, որոնք կորցնելու են աշխատանքը, անկասկած, կգտնեն նորը, Սարյան փողոցի նորաբաց սրճարանը այսօր հայտնել է, որ պատրաստ է ընդունել բոլոր այն մարդկանց, որոնք այսօր մնացել են առանց աշխատանքի ու ցանկանում են աշխատել, պատրաստ են ընդունել խմբերի, նրանց են միացել նաեւ Սարյան փողոցի մյուս սրճարանները: Մենք ինքներս էլ այդ ուղղությամբ աշխատանքներ կտանենք, մեզ համար այդ մարդիկ նույն երևանցիներն են, մեր համաքաղաքացիները», – նշել է քաղաքապետը։