Հայաստանում խաղաղ իշխանափոխության արդյունքում իշխանության եկած նոր ուժը հետաքննում և պատժում է նախորդ իշխանությունների կոռուպցիայի դեպքերը, նշված է ԱՄՆ Պետքարտուղարության կողմից մարտի 13-ին հրապարակված «Մարդու իրավունքների պաշտպանությունը» զեկույցում։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մի շարք հետաքննություններ նախաձեռնեց համակարգային կոռուպցիայի դեմ և երկրում դեկտեմբերի 9-ին անցկացվեցին առաջին իրական մրցակցային ընտրությունները, նշում են զեկույցի հեղինակները։ Դրա հրապարակման կապակցությամբ արված իր հայտարարության մեջ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, ըստ «Ամերիկայի ձայն»-ի, նշեց, որ բոլոր նրանք, ովքեր ոտնահարում էին մարդու արժանապատվությունը և խախատում մարդու իրավունքները, պատասխան են տալու։
«Մատնանշելով հանցանքները և ճնշում գործադրելով այդ խախտումներն իրականացնող վարչախմբերի վրա, մենք կարող ենք փոփոխությունների հասնել», – ասել է Փոմփեոն։
Անդրադառնալով 2018-ին աշխարհում գրանցված մարդու իրավունքների խախտման առավել ծանր դեպքերին, պետքարտուղարը մատնանշեց Չինաստանը, Նիկարագուան և Իրանը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, զեկույցի համաձայն, 2018 թվականին երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում լուրջ խնդիրներ էին գրանցվել․ բռնություններ ազատազրկման վայրերում, ոստիկանական բռնություններ լրագրողների նկատմամբ, բռնություններ սեռական փոքրամասնությունների նկատմամբ, կոռուպցիայի դեպքեր․ «Սակայն նոր իշխանությունները քայլեր են ձեռնարկում՝ օրենքի խախտումները հետաքննելու և պատժելու ուղղությամբ, հատկապես քաղաքական ղեկավարության և իրավապահ ամենաբարձր շրջանակներում»։