«Երբ Հայաստանը ստացավ անկախություն, հանրային առևտրի ամբողջ համակարգը փոխվել էր, և մենք սկսել ենք սեղանիկներից, որոնք անկախության առաջին տարիներին առևտրային մի նոր ֆենոմեն էին, և կային ժամանակներ, երբ մեր երկրում հսկայական ծավալը տեղի էր ունենում բառացիորեն մայթերին։ Եվ դա ժամանակի կամ, ավելի ճիշտ, այն պռոցեսների հետևանքներն էին, որոնք մեր երկիրը, և ոչ միայն մեր երկիրը, վերապրեց»։ Այս մասին սպառողների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված համաժողովի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ Ժամանակն է այս իրավիճակին ցուցաբերել բոլորովին այլ մոտեցում, որովհետև սպառողների իրավունքների պաշտպանությունը «բացարձակ առաջնահերթություն է մեզ համար»։
«Մենք չպետք է առևտրային այս գործընթացները փոխկապակցենք սոցիալական ապահովության և սոցիալական պաշտպանության խնդրի հետ։ Եթե մենք, այսպես ասած, փողոցներում՝ մայթերին, օրինակ, մսի առևտուրը հանդուրժենք այն տրամաբանությամբ, որ էդ նշանակում է, որ մենք հանդուրժում ենք, որ մեր երկիրը պետք է լինի ցածր ստանդարտների երկիր՝ ոչ միայն սպառողների իրավունքների պաշտպանության առումով, այլ նաև սոցիալական պաշտպանության առումով, որովհետև, եթե մեր քաղաքացու սոցիալական պաշտպանության մեթոդը մայթին՝ սանիտարական բոլոր կանոններին ի հակադրություն, առևտուր անելն է, նշանակում է, որ մենք այդ քաղաքացուն ասում ենք, որ մենք հենց այդ ստանդարտի սոցիալական պաշտպանություն ենք պատկերացնում ձեզ համար։ Սա, իհարկե, բացարձակապես հարիր չի մեր երկրին, առավել ևս այսօր, առավել ևս երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո», – նշել է վարչապետը։
Նրա խոսքով՝ մեծագույն խնդիր է առաջիկա շրջանում՝ ստանդարտների համապատասխանեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին։ Այս առումով Փաշինյանը կարևորում է ՀՀ համագործակցությունը Եվրամիության հետ, մասնավորապես, համապարփակ և ընդլայնված համագործակցության պայմանագրի շրջանակներում։
«Ստանդարտների սահմանումը մեր արտադրանքի համար մեզ հնարավորություն կտա ի վերջո իրագործել նաև մեր կառավարության առանցքային ծրագրային դրույթներից մեկը, որը ամփոփված է կառավարության ծրագրի նախաբանում։ Մենք ասել ենք, որ պատկերացնում ենք Հայաստանի տնտեսությունը որպես արտահանմանը միտված, մինչդեռ, եթե այսօր ուշադիր նայենք մեր պայմանագրային իրավական դաշտը, կտեսնենք, որ մենք արտահանման հսկայական պոտենցիալ ուղղակի չենք կարողանում օգտագործել մի պարզ պատճառով․ որովհետև մեր արտադրանքը շատ դեպքերում չի համապատասխանում այն ստանդարտներին, որոնք ընդունված են, օրինակ, Եվրամիությունում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում, Եվրասիական տնտեսական միության այլ երկրներում։ Եվ, հետևաբար, նաև այս նկատի ունենք, երբ ասում ենք, որ Հայաստանը պետք է լինի տեխնոլոգիական երկիր։ Եվ ուրեմն, սպառողների իրավունքների պաշտպանությանը միտված աշխատանքը, որը շատ կարևոր է, ունի բազմակի նշանակություն․ դրանով մենք բարձրացնում ենք մեր երկրի ստանդարտները տնտեսապես, քաղաքականապես, տուրիզմի առումով և բոլոր հնարավոր առումներով, այնպես որ, այս թեման իրականում կապված է մեր երկրի միջազգային հեղինակության հետ, մեր քաղաքացիների առողջության և իրավունքների պաշտպանության հետ», – մասնավորապես, հայտարարել է Փաշինյանը։