‹‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ն 23.11.2018թ.-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ ‹‹Որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալու պարտավորեցնելու մասին›› 27.08.2018թ.-ի թիվ 30-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության ներկայացուցիչը չէր ներկայացել դատական նիստին։ Հայցվոր կողմի փաստաբան Սայաթ Բադալյանն իր հայցապահանջում փորձում էր ներկայացնել, որ տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանն ունի շահերի բախում և կողմնակալ է, քանի որ Արթուր Գրիգորյանը Էկոիրավունք ՀԿ-ի կողմից հայց է ներկայացրել ՀՀ Վարչական դատարան մեկ այլ գործով։ Փաստաբանը սակայն չի նշել, որ այդ գործով Արթուր Գրիգորյանն այլևս չի ներկայացնում այդ հայցը։ Հայցվոր կողմը հղում էր կատարում Բնապահպանության նախարարության կայացրած որոշմանը, թե Ամուլսարում չկան Կարմիր գրքյան բուսատեսակներ և կենդանատեսակներ։
Դավատոր Արգիշտի Ղազարյանը նախ ճշտեց, որ հայցվոր կողմն ամբողջությա՞մբ է պնդում իր հայցապահանջը։ Նախնական դատական նիստից հետո, դատավորը որոշում կայացրեց անցնել դատաքննության փուլ՝ որոշման պատճենն ուղղարկելով Բնապահպանության ընդերքի պետական տեսչությանը։ Վերջինս բնապահպան Լևոն Գալստյանի ֆեյսբուքի էջում նույն օրը մեկնաբանել է դատական նիստին մարմնի ներկայացուցչի բացակայությունը․
Հարգելի քաղաքացիներ, ‹Լիդիան Արմենիա›› ՓԲԸ-ի հայցադիմումի (ընդդեմ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի՝ ‹‹Որոշակի գործողություն կատարելուց ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին›› 27.08.2018թ.-ի թիվ 30-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին) հիման վրա՝ 2019թ.-ի մարտի 18-ին, ժամը 10:30-ին նշանակված նախնական դատական նիստին ԲԸՏՄ չներկայանալու վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Վարչական դատարանը նախնական դատական նիստում պարզում է գլխավորապես հայցի առարկան և հիմքերը, ինչպես նաև իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ։ Ուստի ԲԸՏՄ կողմից նախնական դատական նիստին չներկայանալը գործի քննության և ելքի վրա չի կարող ունենալ էական ազդեցություն։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը գործի վերաբերյալ իր դիրքորոշումը պատշաճ կերպով կներկայացնի դատարանին առաջիկա նիստ/նիստերի ընթացքում։
Տեղեկացնում ենք նաև, որ Վարչական դատարանը գործի փաստական հանգամանքները պարզում է ի պաշտոնե (“ex officio”)։ Դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով և առարկություններով և իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում․