2019թ․ մարտի 23-ին ես՝ Թեհմինե Ենոքյանս և մարտի 25-ին Հայկական բնապահպանական ճակատը տարածել ենք «Կեղծ ֆեյսբուքյան օգտատերը՝ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակից․ ինչո՞ւ են Լիդիանի աշխատողները թաքնվում կեղծ էջերի հետևում» իմ հայտարարությունը, որն իրենց ինտերնետային կայքերում տեղադրել են մի քանի լրատվամիջոցներ։
Խնդրում եմ հայտարարության տեքստին հավելել հետևյալ ճշգրտումը․
Հայտարարությունում նշված Աննա Ներսիսյանը «Լիդիան Արմենիա»-ի կապալառու «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ աշխատակից է, ով աշխատել է Ամուլսարի հանքում և ըստ գործի նյութերում առկա ցուցմունքների, նպատակ է ունեցել աշխատանքի անցնել «Լիդիան Արմենիա»-ում։
Հայտարարությունում նշված Հռիփսիմե Խաչատրյանը, ինչպես նաև նրա մայրը, նույնպես աշխատել են Ամուլսարի հանքում՝ «Լիդիան Արմենիա»-ի կապառալու ընկերություններից մեկում։
Հայտարարությունում նշված Հովսեփ Ասոյանն այդ ժամանակ եղել է «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է հետևյալը․ «Աննա Ներսիսյանն առանց Թեհմինե Ենոքյանի համաձայնության ապօրինի հավաքել է նրա անձնական կյանքին, անձնական շփումներին վերաբերվող և իրենցից անձնական կյանքի գաղտնիք համարվող լուսանկարներ և տարածել դրանք առանց վերջինիս համաձայության՝ Viber հավելվածի միջոցով փոխանցելով «Լիդիան Արմենիա» ընկերության նույն ժամանակվա աշխատակից Հովսեփ Ասոյիանին, ով էլ իր հերթին նշված լուսանկարները հրապարակել է Facebook սոցիալական ցանցի «Vahagn Hovhannisyan» անձնական էջի միջոցով։
2018թ․ նոյեմբերի 30-ին մեղադրանք է առաջադրվել նաև Հովսեփ Ասոյանին, վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը ստացել է լուսանկարները, սակայն դրանք իրեն չեն հետաքրքրել, ուստի դրանք ջնջել է իր հեռախոսից»։
Նախաքննությունը, սակայն, ապացուցված է համարել Աննա Ներսիսյանի արարքը որպես տեղեկությունների ապօրինի հավաքագրում և Հովսեփ Ասոյանի արարքը որպես տեղեկությունների հրապարակում։ Հարուցված քրեական գործը մեղադրյալ Աննա Ներսիսյանի նկատմամբ որպես տեղեկություններ հավաքագրողի և մեղադրյալ Հովսեփ Ասոյանի նկատմամբ որպես դրանք հրապարակողի կարճվել է այն հիմքով, որ հավաքագրված և հրապարակված տեղեկություններն առնչվել են իմ՝ Թեհմինե Ենոքյանիս հասարակական գործունեության հետ և անձնական բնույթի չեն։ Ես այս որոշումը համապատասխան կարգով բողոքարկել եմ, և բողոքն ընդունվել է վարույթ։
Կից ներկայացնում եմ նաև քրեական գործի կարճման մասին որոշումը։
Շնորհակալություն,
Թեհմինե Ենոքյան