Home / Կանանց իրավունքներ / Այս տարի 107 կին կարող է մասնագիտական անվճար ուսուցում ստանալ

Այս տարի 107 կին կարող է մասնագիտական անվճար ուսուցում ստանալ

Մինչև 30 տարեկան 107 մայրեր, որոնք դպրոցից հետո մասնագիտություն չեն ստացել, կարող են 6 ամիս ժամկետով մասնագիտական ուսուցում ստանալ անմիջապես գործատուի մոտ։

Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։

Ծրագրով նախատեսվում է աշխատաշուկայում անմրցունակ և մասնագիտություն չունեցող երիտասարդ մայրերի աշխատանքային ունակությունների ու կարողությունների ձեռքբերման հնարավորությունների ընձեռնման նպատակով գործատուի մոտ կազմակերպել մինչև վեց ամիս տևողությամբ մասնագիտական ուսուցում:

Ծրագրի համաձայն՝  երիտասարդ մայրերին,  մասնագիտական ուսուցում ստանալու ընթացքում կտրվի նաև 6-ամսյա կրթաթոշակ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Նախապատվություն կտրվի նրանց, ովքեր ունեն երեք և ավելի երեխա, համարվում են միայնակ մայր, նրանց ընտանիքը ստանում է ընտանեկան կամ սոցիալական նպաստ:

Այս ծրագիրն իրագործվել էր նաև անցած տարի։ 2018 թվականին նախապես որոշված 100 կանանց փոխարեն, բյուջի վերաբաշխման շնորհիվ, ծրագրից օգտվել են 112 կանայք։

2019 թվականին նախատեսվում է 107 կանանց ապահովել անվճար ուսուցմամբ։ Չնայած փոխնախարարը չի բացառում, որ հնարավոր է ավելի շատ կանայք հնարավորություն ստանան օգտվել այդ ծրագրից։

Այս տարվա համար նախատեսված ընդհանուր բյուջեն կազմում է 63 միլիոն 556 հազար դրամ։