Ապրիլի 5-ին ժամը 08։10-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Հարավ-Արևմտյան թաղամասի Անդրանիկի 90 շենքի բակում հնչած կրակոցների մասին։ Shamshyan.com֊ի տեղեկություններով՝ կա մեկ վիրավոր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներ։
Իրավապահները նշված շենքի առաջին հարկում հայտնաբերել են հրազենից արձակված 2 գնդակ։ Պարզվել է նաև, որ դեպքի վայրից ոտքի մասում ստացած հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նշված շենքի բնակիչ Ջոնի Սամսոնյանը, ով աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատար։ «Հրազենային վնասվածք ստացած հրամանատարն ինքն է հենց վնասազերծել իր վրա կրակողին, ով տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին», – հայտնում է կայքը։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգևքի 34-104 հոդվածի (Սպանության փորձ) և 235 հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասի հատկանիշներով։
Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են թմբուկավոր ատրճանակ, կան կասկածներ, որ կրակոցներն արձակվել են նշված ատրճանակով։