Հունական անարխիստական «Վրեժի դավադրություն» կազմակերպությունը պատասխանատվություն է ստանձնել Աթենքում Ռուսաստանի դեսպանատան առջև մարտի 22-ին հնչած պայթյունի համար: Խմբի հայտարարությունը հրապարակվել է Indymedia (Independent Media Centre) պորտալում։
Հայտարարության մեջ նշվում է, որ անարխիստներն ակցիա են արել ի համերաշխություն ռուս անարխիստների, որոնք հետապնդվում են ռուսական հատուկ ծառայությունների կողմից։ Հիշատակվում է նաև 2019 թվականի փետրվարի 1-ի իրադարձությունները. այդ օրերին «Ժողովրդական ինքնապաշտպանություն» շարժման անարխիստներին հետապնդում էին Ռուսաստանի Բալաշիխա քաղաքում հայտնաբերված պայթուցիկ սարքի գործի շրջանակներում։
Ձերբակալվածներից մեկը՝ Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ասպիրանտ Ազատ Միֆթախովը, հայտարարել է, որ իրեն խոշտանգել են։ Նրան ձերբակալել են Մոսկվայի թաղամասերից մեկում գտնվող «Միասնական Ռուսաստան» գրասենյակի հրդեհման մեղադրանքով։
Հույն անարխիստները հիշատակում են նաև 17-ամյա Միխայիլ Ժլոբիցկիի պատմությունը, որը 2018 թվականի աշնանն ինքնաշեն նռնակ պայթեցրեց Արխանգելսկի Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության շենքում։ Հայտարարության հեղինակները նշում են, որ իրենց և ռուս ուսանողների «թշնամին մեկն է»։
Հիշեցնենք, որ մարտի 22-ի գիշերն Աթենքում մոտոցիկլետով 2 անհայտ անձ նռնակ էին նետել Ռուսաստանի դեսպանատան առջև տեղակայված անվտանգության աշխատակիցների տաղավարի առաջ։ Դրանից հետո նրանք փախել էին դեպքի վայրից։ Պայթյունի հետևանքով ոչ ոք չէր տուժել։