Home / Առողջապահություն / Վազաշենի օրինակով. ինչու չվստահել հանրային լսումներին

Վազաշենի օրինակով. ինչու չվստահել հանրային լսումներին

Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ը նպատակահարմար չի գտնում Տավուշի մարզի Վազաշեն համայնքում հանքահետախուզական և հանքարդյունահանման աշխատանքները։ Վազաշենում ապրիլի 26-ին  «կայացել է» 2-րդ հանրային լսումը, որը, ըստ բնապահպանների, եղել է ուղղորդված և ձևական։

Հանրային լսումներից առաջ

Գյուղապետը և իր մերձավորների հանրային լսումները

Ապրիլի 26-ին՝ 11։00-ին, Վազաշենի համայնքապետարանի դահլիճում ծրագրվել էր անցկացնել հանրային լսումներ «ԷՅ-ՅՈՒ ԳՐՈՒՊ» ընկերության կողմից Վազաշենի տարածքում հանքային դաշտի ուսումնասիրության, երկրաբանական աշխատանքների իրականացման նախնական գնահատման հայտի շուրջ։

Հանրային քննարկումից մեկ ժամ առաջ արդեն համայնքապետարանի մոտ էին հավաքվել գյուղի տղամարդիկ։ Պարբերաբար նրանց էին մոտենում Վազաշենի համայնքապետ Լորիկ Բադիրյանը և նրա բարեկամ, ավագանու անդամ Թաթուլ Բադիրյանը։

Գյուղապետը հենց սկզբից շատ վատ էր տրամադրված լրագրողների և «ոչ յուրային»-ների նկատմամբ։ Մի քանի անգամ փորձեցինք նրանից հետաքրքրվել, թե ինչու է «ԷՅ ՅՈԻ ԳՐՈՒՊԸ» գրանցված գյուղի մշակույթի տան հասցեում։ Դրա մասին ավելի վաղ գյուղապետի հետ զրուցել էր Hetq.am-ը, վերջինս էլ հաստատել էր այդ փաստը։ Բադիրյանը, սակայն, այդ և հետագա հարցերին հիմնականում հրաժարվում էր պատասխանել։

«ԷՅ-ՅՈՒ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017թ. դեկտեմբերի 18-ին: Հիմնադիրը Կանադայի քաղաքացիություն ունեցող Վահագն Ժայռենց Գայայանն է: Էներգետիկայի նախարարությունը 2012-2015թթ.-ին նույն տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ կատարելու արտոնագիր է տրամադրել «Պոլիմետ կորպորացիա» հայ-կանադական ՀՁ-ին։ Տնօրենը նույն Վահագն Ժայռենց Գայայանն է:  Ընկերությունը դատական վեճերի մեջ է  եղել նախկին տնօրեն Իշխան Հովհաննիսյանի հետ: 

Երկու ընկերությունների մասին մանրամասն տե՛ս Hetq.am-ի հոդվածում։

Արդեն ժամը 11-ի սահմաններում սկսեցին հանրային լսումները։ Բադիրյանը համայնքապետարանի մերձակայքում հավաքված համագյուղացիներին հատ-հատ և անվանական ներս հրավիրեց։ Ավելի ուշ նրա տիկնոջ առաջնորդությամբ ժամանեցին ևս 3 կանայք։

Աջից՝ գյուղապետի կինը

«Այսօրվա հավաքի նպատակը բոլորիդ շատ պարզ ա։ Մեր ցավոտ հարցն ա, ցավոտ հարցը՝ հանքի ուսումնասիրությունների պահով, ցավոտ հարցը, որ մենք աշխատատեղեր չունենք, ցավոտ հարցը, որ մենք դժվարությամբ ենք կարողանում այլևս ապրել, էսօր եկեք ակտիվ լինենք բոլորս, ամեն մեկս մեր կարծիքը հայտնենք, գլխավորապես վերաբերում է վազաշենցիներին, Վազաշենում բնակվողներին, եկեք մեր բախտը մենք որոշենք։ Եթե բնապահպանները հիմնավորում են, որ դա մեծ վտանգ է ներկայացնում, չգնանք դրան, եթե ապացուցվում է, որ մեծ վտանգ չի ներկայացնում, եկեք մեր համաձայնությունը տանք։ Մենք էսօր մեր վիճակը հո լավ գիտենք, էսօր եթե անտառը դադարում է, մենք անելիք չունենք, մենք, որ հող ու ջուր չունենք։ Էս գյուղում հրաշքներ պետք է լինել, որ մենք կարողնանք աշխատենք, էնպես չէ, որ մենք լավ օրից է, որ ուզում ենք, որ մեր բնությունն աշխատվի, որ ավերակներ լինի, որ վատառողջ լինենք, մենք կողմանկից ենք նորմալ, հաջողակ, եկամտաբեր, առողջ աշխատանքին»։

Նրա խոսքերը զայրացրին դահլիճում ներկա գտնվողներից մի քանիսին։ Բնապահպան Անի Խաչատրյանն ասաց, որ դրանով գյուղապետն ուղղորդում է մարդկանց.

«Դուք ուղղորդում եք գյուղացիներին, ասում եք՝ մենք այլընտրանք չունենք, եկեք հանքին կողմ լինենք։ Դուք Ձեր լիազորությունները անցնում եք»։

 «Ով հանքին դեմ ա, թուրք ա». ընկերության փորձագետը

Հանրային լսումներին ներկա էր «ԷՅ-ՅՈՒ ԳՐՈՒՊ»-ի երկրաբան, փորձագետ Գագիկ Գևորգյանը։

Անի Խաչատրյանի միջամտությունից հետո Գևորգյանը դահլիճի կենտրոնական մասում դրված սեղանի մոտից արագ հասավ բնապահպանի մոտ և գոռալով սպառնաց. «Ռադ եղի՛, թե չէ կշպրտեմ դուրս»։

Գևորգյանին շատ զայրացրեց, որ մարդիկ սկսեցին հանքին դեմ խոսել։ Նա հայտարարեց. «Ով հանքին դեմ ա, թուրք ա»։

Ձախից աջ՝ Լորիկ Բադիրյան, Կարինե Մովսիսյան, Գագիկ Գևորգյան

Հանքի համար ուսումնասիրվող տեղամասը Հայաստան-Ադրբեջան պետական  սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա է:

«Էս հանքը թուրքերն ուզում են շահագործեն էն կողմից, եթե մենք չենք շահագործում, թուրքն ա շահագործում: Նրանց շա՞հն եք պաշտպանում։ Կան հանքային երակներ, որ մեր կողմից անցնում են նրանց (նկատի ունի Ադրբեջան-խմբ.) կողմ։ Սովետի ժամանակ մեր կողմից էլ, նրանց կողմից էլ ուսումնասիրվել է։ Տեղեկություններ կան, որ նրանք ուզում են այդ տարածքում շահագործում սկսեն», – Գևորգյանը վստահեցրեց, որ  բոլոր լրագրողները թուրքի շպիոններ են։

Խորհրդային տարիներին այդ տարածքներում կատարվել են երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ, որի ժամանակ թունելներ են փորվել։ 

«Հանքը բացարձակ վնաս չի տալու։ Հանքաքարը հանվելու է և այլ տարածքում վերամշակվի։ Մենք ոչ մի ծառ չենք կտրելու, քանի որ արդեն իսկ կան ստորգետնյա փորվածքներ, ճանապարհներ, արտադրական տարածքներ, մենք լրացուցիչ տարածքներ չենք օգտագործելու», -նշել է Գևորգյանը։

Հարցին, թե ինչու է ընկերությունը գրանցված Վազաշենի մշակույթի տանը, Գևորգյանը պատասխանել է, որ իրենք հատուկ ցանկացել են սահմանամերձ Վազաշենում գրանցել իրենց ընկերությունը՝ դրանով նպատակ ունենալով զարգացնել համայնքը։

Ձևական հանրային լսումներ

Գյուղապետարանի աշխատակից

Բադիրյանի խոսքից հետո ծավալվեց բուռն բանավեճ այսպես կոչված՝ հանքին դեմ և կողմ մարդկանց միջև։ Մարդիկ առանձին խմբերով կանգնած բարձրաձայն բանավիճում էին, ներս ու դուրս անում։ Գյուղապետի կողմից ուղղորդված մարդիկ վիրավորում և սպառնում էին հանքին դեմ ելույթ ունեցող քաղաքացիներին և բնապահպաններին,  ծաղրում լրագրողներին։ Ըստ էության՝ որևէ հանրային քննարկում չէր ընթանում։ Որոշ ժամանակ անց նկատվեց, որ գյուղապետարանի աշխատակիցներից մեկը դահլիճ մտցրեց մի թուղթ, և գյուղապետի հսկողությամբ՝ շարքերի հետևում, աթոռի վրա դնելով՝ մարդիկ ստորագրում էին, որ մասնակցել են հանրային լսումներին։

Գյուղապետարանում աշխատակցին խնդրեցինք, որ ցույց տա, թե ինչ թուղթ է դա, սակայն գյուղապետի կինն այն խլեց նրա ձեռքից և այդպես էլ մեզ ցույց չտվեց։ Բոլոր հարցերին ի պատասխան՝ նա վիրավորում և սպառնում էր։

Վազաշենում սա թվով 2-րդ հանրային լսումն էր։ Առաջին անգամ այն տեղի է ունեցել մեկ տարի առաջ՝ 2018թ. մայիսին՝ գերգաղտնի պայմաններում։ Դրա մասին տեղյակ են եղել միայն գյուղապետի նեղ շրջապատի մարդիկ, չի եղել ոչ մի հանրային իրազեկում։ Առաջին անգամ, ըստ համայնքապետարանի արձանագրության, 13 վազաշենցիներ՝ այդ թվում Լորիկ Բադիրյանը և ավագանու անդամ Արտակ Գյոզալյանը կողմ են քվեարկել տարածքում հանքերևակման աշխատանքներին։ Փետրվարի 27-ին հանրային լսումը չէր կայացել, քանի որ, ըստ մարզպետարանի, լսումների մասին պատշաճ իրազեկում չէր կատարվել։

Հանրային լսումներին ներկա էր նաև «Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Կարինե Մովսիսյանը։

Ապրիլի 26-ի հանրային լսումներին Մովսիսյանը պատրաստվում էր ներկայացնել փորձաքննական կենտրոնի եզրակացության նախագիծը։ Վերջնական որոշում հետագայում կայացնելու է Բնապահպանության նախարարությունը։

«Չնայած տարածքի ուսումնասիրությունը մեծ ազդեցություն կարող է չունենալ տարածաշրջանի վրա, բայց հետագա շահագործման համար գտնում ենք ոչ նպատակահարմար տվյալ տարածքները տվյալ գործունեության համար տրամադրելու համար։ Բացի այդ՝ Կառավարությունը 2015 թվականին պարտավորություն է վերցրել, որ մինչև 2050 թվականը անտառային տարածքները 11 տոկոսից հասցնելու է 22-ի», – Մովսիսյանը նշել է, որ  Կարմիր քարի, Ժանգոտ ձորի և Ադուլյարայի տեղամասերը Հայաստանի անտառային ֆոնդի մի մասն են համարվում

Համաձայն Կառավարության 1325 որոշման՝  հանրային քննարկումների արձանագրության մեջ նշվում են մասնակիցների կազմը, ինչպես նաև քննարկումներում հնչեցված բոլոր դիտողություններն ու առաջարկությունները: Մասնակիցների ցանկը` ստորագրություններով կցվում է արձանագրությանը:

Ըստ էության՝ հանրային քննարկում, որի ժամանակ մարդիկ կարող էին իրենց մտահոգությունները հայտնել, հարցրեր տալ, լսել մյուսներին, այդպես էլ տեղի չունեցավ։ Գյուղապետի խոսքից հետո սկսվեց խառնաշփոթ և մարդիկ դադարեցին իրար լսել։

Ըստ Կառավարության վերը նշված որոշման՝ հանրային քննարկումները վարում է քննարկումների պատասխանատուն, այսինքն՝ համայնքի ղեկավարը կամ իր կողմից նշանակված անձը, որն ապահովում է քննարկումների ամբողջ ընթացքի պատշաճ տեսաձայնագրումը և արձանագրումը:

Չնայած դրան՝ Մովիսյանը համոզմունք հայտնեց, որ սա էլ կարող է հանրային լսում համարվել։  Նրա խոսքով՝ չկա օրենքի այնպիսի կետ, որով սահմանվի, թե որն է պատշաճ և  ոչ պատշաճ հանրային լսում։ Հարցին, որ առանց քննարկման մարդիկ ստորագրում են,  որ մասնակցել են, Մովսիսյանը նշել է. «Մարդը նստած է եղել, ստորագրում է, ուրիշ ոչինչ»։ Ընդգծենք, սակայն, որ դրա տակ հնարավորություն չեն ունեցել ստորագրել քննարկմանը ներկա գյուղապետին «ոչ յուրային» մարդիկ, բնապահպանները և մարզի այլ բնակիչներ։

Քննարկմանը ներկա բնապահպան Աննա Շահնազարյանը նշել է, որ հանրային լսումներ կոչվածն իրականում չեն համապատասխանում Օրհուսի կոնվենցիայի այն պահանջին, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախագծերի որոշումների կայացմանը պետք է մասնակցի հանրությունը.

«Հանրությունը բովանդակային իմաստով չի մասնակցում, այլ ֆորմալ է մասնակցում։ Չկա վերահսկողություն նման քննարկումների անցկացման օրինականությունը ստուգելու համար։ Ես հարցեր եմ բարձրացնում. օրինակ՝ գյուղապետն իր կոչով, պարտադրանքով հրավիրել է մարդկանց, իր ազգականներին է ներգրավվել, որ ֆորմալ իմաստով գրանցվի, որ հանրային լսում է կատարել։ Իսկ եթե նա դա արել է իր լիազորությունը չարաշահելո՞վ։ Նա պետք է հանրային շահով առաջնորդվեր, բայց ո՞վ է ստուգելու՝ արվել է, թե ոչ։ Իսկ եթե նա տնտեսվարողի հետ  որոշակի կապեր ունենա՞ր և հանրային լսումները ուղղորդեր։ Չկա որևէ վերահսկողություն։ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը դրա համար լիազոր չէ, որ ասի դա պատշաճ իրականացվել է, թե ոչ։ Բացի դա՝ նա ասում է՝ «պատշաճ» բառի սահմանում և կրիտերիաների ցանկ գոյություն չունի։ Դրանք լուրջ հարցեր են, որ մեզ երկար տարիներ դրել են ծանր իրավիճակում, այսպիսի օրենքներով հաստատվել են բազմաթիվ ծրագրեր։ Մենք արձանագրում ենք, որ բնական միջավայրի վրա աղետալի ազդեցություն  ունեցող ծրագրերում համայնքները նորմալ չեն կարողանում մասնակցել, միայն ուղիղ ժողովրդավարության միջոցով կարող են որոշումների կայացմանը մասնակցել. հանրագրեր, ստորագրահավաքներ, հանրահավաքներ»։

Բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն ՊՈԱԿ-ին 5 աշխատանքային օրվա ընթացքում պետք է ներկայացվի նիստի արձանագրությունը։ Այն քաղաքացիները, որոնք մտավախություն ունեն, որ Վազաշենի գյուղապետն իրենց կարծիքը չի ներառի արձնագրության մեջ,  5 աշխատանքային օրվա մեջ իրենց կարծիքը կարող են ուղարկել ՊՈԱԿ՝ Երևան, Բուզանդի 1/3 ։

Դրանց ամփոփումից հետո այն կցվելու է ՊՈԱԿ-ի եզրակացությանը և ներկայացվելու է լիազոր մարմնին՝ Բնապահպանության նախարարությանը։