Մայիսմեկյան ուղերձ/խնդրանք:
Սիրելիներ՝ Ազգային ժողովի պատգամավորներ Լենա Նազարյան, Մարիա Կարապետյան, Սոնա Ղազարյան, Թագուհի Ղազարյան, Սարգիս Խանդանյան և այլոք:
Ես գիտեմ, որ մենք նույն լեզվով կարող ենք խոսել, հակառակ դեպքում չէի դիմի ձեզ:
Դուք ունեք ոչ միայն ընտրական օրենսգրքով ստացած մանդատ, այլ 10 տարուց ավել անընդհատ պայքարի արդյունքում առաջացած մեր բոլորիս մանդատը, իմ տված մանդատը: Այդ մանդատը մենք բոլորս ձևավորել ենք անտրտունջ երկարատև պայքարի արդյունքում: 10 տարի տևած սառը քաղաքացիական պատերազմի հանգուցալուծման՝ հեղափոխության արդյունքում: Այդ հեղափոխության հիմքում ընկած էին գաղափարներ, ստեղծագործական միտք, պայքարի ձևեր, որոնք հաճախ կարող էին ոչ կիրառելի և ծիծաղելի թվալ:
Ապակենտրոնացումը, հանրայինի պաշտպանությունը, ինքնակազմակերպումը, պետականությունը իշխանությունից զատելը, սերը և (հանդուրժողականությունը չէ) համերաշխությունը և էլի շատերը ուղղակի բառեր չեն: Այս բառերը գիտակցաբար օգտագործողները պետք է դրանք ծառայացենեն սոցիալական արդարությանը:
Ես արվեստագետ եմ և իմ ստեղծագործական գործունեության մեջ չեմ եղել ու չեմ լինի սպառողական, կոմերցիոն: Իմ աշխատանքով փորձում եմ ստեղծել ու օգնել ուրիշներին ստեղծել օրակարգեր ու հրատապություններ և ոչ ենթարկվել օրակարգերին:
Ես պատրաստ եմ վճարել 30-40% հարկեր, եթե իմանամ, որ առողջապահությունը, երկու աղջիկներիս կրթությունը կլինի անվճար, որ ծերանալուց բեռ չեմ դառնա նրանց ուսերին: Այս ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ես ուզում եմ, դրանց ես պատրաստ եմ:
Իսկ հետևյալ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ես չեմ ուզում, ես դրան պատրաստ չեմ:
Ես պատրաստ չեմ ու չեմ ուզում նույն հարկերը վճարել այն օլիգարխների հետ միասին, որոնք ինձնից միլիոնավոր անգամ ավել փող են աշխատում. ինչքան էլ մենք միացյալ ուժերով չփորձենք նրանց վերանվանել խոշոր սեփականատեր:
Ես չեմ կարող և չեմ ուզում բացել չրանոց:
Ես կարող եմ բայց չեմ ուզում աշխատել ՏՏ ոլորտում:
Ես ուզում եմ աշխատել Ժամանակակից արվեստի ոլորտում և ակնկալել պետության կողմից աջակցություն: Պետության, որի մի մասն ել ես եմ, որը կառուցել եմ ձեզ հետ միասին, թե բովանդակային իմաստով, թե ֆիզիկապես, թե հարկերով:
Ներկա սոցիալական բևեռվածությունը ապօրինի է: Մի օրինականցրեք դա նոր օրենսգրքով: Մի թողեք մեզ կապիտալիստ, պրագմատիկ ֆինանսիստների ձեռքում, որոնք ասում են՝ դէ իհարկե անարդար է ԲԱՅՑ…
Դուք շատ լավ գիտեք, որ տնտեսական հարցերը, առաջին հերթին փիլիսոփայական, քաղաքական հարցեր են:
Ապակենտրոնացում, հանրայինի պաշտպանություն, ինքնակազմակերպում, պետականությունը իշխանությունից զատելը, սեր և համերաշխություն, սոցիալական արդարություն:Դուք այս հասկացողությունների կրողներ եք, հիշեք դա քվեարկության ժամանակ:
Գոռ Ենգոյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ