Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկում են եկամտահարկից փոխհատուցել աշխատող ուսանողների վարձավճարները։ Նախագիծը արդեն ուղարկվել է Կառավարություն։ Կրթության փորձագետները և ուսանողները «Հոդված 3» ակումբում, ողջունելով հանդերձ նախաձեռնությունը, դրա մեջ վտանգներ են տեսնում և առաջարկում են այն վերամշակման ենթարկել։
«Շատ երկրներում ուսանողին առհասարակ ազատում են հարկերից, մինչդեռ մենք այդ հարկերն ուղղում ենք վարձավճարների վրա։ Այս պահին նախագծում միակ սահմանափակումը ՄՈԳ-ն է», -ասել է օրինագծի համահեղինակ Սիսակ Գաբրիելյանը։ Նա նշել է, որ դեռ հստակ չէ, թե օրենքի նախագիծը բակալավրիատում, թե մագիստրատուրայում սովորողների վրա կտարածվի։
Օրինագիծը մի քանի օր առաջ դրվել է շրջանառության մեջ, այն դեռ քննարկումների փուլում է, և արդեն մի շարք դրական և բացասական արձագանքեր է ստացել։
«Այժմ քննարկվում է նաև Կրթության և գիտության նախարարությունում, ասեմ՝ շատ բուռն քննարկումներ են անցկացվում, մոտակա օրերին մեր դիրքորոշումը կունենանք։ Գաղափարը, սակայն, շատ ողջունելի է», -նշել է ԿԳՆ բարձրագույն կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը։
Վերջինիս խոսքով՝ ըստ վերջին հետազոտություններից մեկի՝ ուսանողների մեծ մասը նշել է, որ ցանկանում է աշխատել. «Նշանակում է, որ պետք է միջավայր ստեղծել, որ նրանք հնարավորություն ունենան աշխատել և վճարել իրենց ուսման վարձը»։
Քննարկման մասնակից, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մի շարք ռիսկեր է տեսնում։
«Հայաստանի բուհական համակարգում ունենք լուրջ խնդիր՝ բավական մեծ թվով բացակայություններ են գրանցվում, կոռուպցիոն հանցավոր համաձայնություն կա ուսանողի և բուհի միջև՝ թողեք աշխատենք, բերենք ձեր վարձերը տանք, դուք էլ անտեսեք մեր բացակայությունները և աշխատավարձ ստացեք։ Նման վիճակում նման օրինագիծը կարող է սրել իրավիճակը»:
«Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն էլ իր հերթին օրինագիծը դրական է գնահատել, սակայն նշել, որ հղկման կարիք կա.
«Բանակից հետո տղաները ցանկանում են աշխատել, բայց ես միևնույն ժամանակ տեսել եմ, որ աշխատելն ուսման վրա շատ վատ է ազդում: Ունեցել եմ ընկերներ, որոնք բանակից եկել են, շատ մեծ ցանկություն են ունեցել սովորելու, բայց վարձը տալու հետ կապված խնդիր են ունեցել էլ չեմ ասում, եթե մարզից են լինում, տան վարձի խնդիր են ունենում: Գնում են գիշերը աշխատում են, աշխատավարձը տալիս են տան վարձ, իսկ դասերին էլ ուշադիր չեն, կամ բառիս բուն իմաստով քնած են: Ու սա ազդում է քննությունների ընդունման ձևի վրա և մթնոլորտի վրա։ Կարիք կա ավելի լայն քննարկումների, կարիք կա, որպեսզի բուհերը արտահայտվեն, ուսխորհուրդները պետք է կարծիք հայտնեն: Հետազոտության կարիք ունենք, որպեսզի հասկանանք աշխատող ուսանողների և չաշխատող ուսանողների կրթական առաջադիմությունը։ Շատ լավ կլինի նման այլընտրանքի հնարավորությունը, սակայն եթե մենք չունենանք այլ հնարավորություններ՝ զեղչային, կրթաթոշակային համակարգ, այլընտրանքի բացակայության հետևանքով դրական ազդեցություն չի ունենա նման օրենքը»։
«Իմ քայլ»-ի պատգամավորը նշել է, որ քննարկման ընթացքում բարձրաձայնված խնդիրները օրինագծի առկայությունից էլ անկախ կան.
«Եթե անգամ այսօր օրինագիծը ետ կանչվի, խնդիրները, որոնք կան բուհական համակարգում, պահպանվելու են։ Նախագիծը որևէ կերպ չի խանգարում կրթության քաղաքականություն մշակողներին իրենց բարելավումները կատարեն»։
Կարծիքին՝ հնարավոր է, որ աշխատանքը խանգարի ուսանողին, Գաբրիելյանը նշել է, որ դա գուցե խանգարի բակալավրիատի 1-ից 3-րդ կուրս ուսանողներին, սակայն առավել բարձր կուրսերում այն կարող է օգնել ուսանողներին։
«2015-ին երբ ավարտեցի, 50 հոգանոց կուրս էր, 4-ը դարձան լրագրողներ , և 4-ն էլ 2-րդ կուրսից աշխատում էին որպես լրագրող», -իր ուսանողական տարիների օրինակն է բերել պատգամավորը: