Երևանում 2008 թվականի մարտի 1-ի զոհերի հիշատակին հուշարձան կկանգնեցվի։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մայիսի 27-ին աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի գլխավոր ճարտարապետին հանձնարարվել է աշխատանքներ տանել մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի նախագծի բաց մրցույթի կազմակերպման ուղղությամբ:
2008-ի փետրվարի 19-ի զանգվածաբար կեղծված նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ լինելով՝ հազարավոր մարդիկ դուրս եկավ փողոց: 10 օր խաղաղ հավաքներից հետո՝ մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկաններն ու այլ ուժային կառույցների ներկայացուցիչները հարձակվեցին Երևանի Ազատության հրապարակում գիշերող ցուցարարների վրա: Հավաքը մեծ թափ ստանալով՝ նույն օրն ավելի ուշ կենտրոնացավ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում: Մարտի 1-ի լույս 2-ի գիշերը հրապարակի մերձակայքում ցուցարարների դեմ դուրս բերեցին նախորոք մայրաքաղաքում դեռ նախագահող Ռոբերտ Քոչարյանի հակասահմադրական հրամանով կենտրոնացված բանակի զորամիավորումները՝ այդ թվում Ղարաբաղից։ Արդյունքում սպանվեց տասը մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվեցին, մոտ երեք հարյուրը հայտնվեցին անազատության մեջ, հայտարարվեց արտակարգ իրավիճակ, արգելվեցին իշխանությանը ոչ լոյալ լրատվամիջոցները։
2008-ի հետընտրական արյունալի իրադարձություններից 10 տարի անց միայն՝ երկում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, Հատուկ քննչական ծառայության ղեկավար նշանակված Սասուն Խաչատրյանը հայտարարեց «Մարտի 1»-ի գործը բացահայտելու ուղղությամբ քաղաքական կամքի առկայության մասին։
Հարուցված քրեական գործով՝ թվագրված ԵԴ/0253/01/19 համարով, անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։