Shamshyan.com-ը հայտնում է, որ հունիսի 8-ին Ժամը 04:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջան թաղամասի 28 շենքի բակում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Աբովյանի թիվ 45 հրշեջ-փրկարարական ջոկատը, որը մարել են 28 շենքի բակում կայանված Nissan Tiida մակնիշի 35 OX 487 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը:
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան պատկանում է Աբովյան քաղաքի բնակիչ, 46-ամյա Վահան Սարիբեկյանին, ով Աբովյանի քաղաքապետի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանի նախընտրական շտաբներից մեկի պետն է:
Մինչ հրշեջների ժամանումը Սարիբեկյանի տղան` 26-ամյա Հարություն Սարիբեկյանը, փորձել է մարել կրակը, ով ձեռքերի հատվածում այրվածքներ է ստացել եւ օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն: Ավտոմեքենան ամբողջովին դարձել է ոչ պիտանի եւ կատարողը կամ կատարողները, ըստ տեղեկությունների, բենզին են լցրել Սարիբեկյանի տան դռան վրա եւ այրել դուռը, կրակը տարածվել է նաեւ տան ներսում, եւ շնորհիվ Սարիբեկյանի տղայի՝ կրակը տան մեջ շատ վնասներ չի տվել: Երբ բնակարանի դուռը հրկիզել են, տան ներսում եղել են ընտանիքի 7 անդամներ, այդ թվում՝ մանկահասակ երեխա, ու տուժածի դիմացի հարևանի և տան անդամներից Հարությունի շնորհիվ կրակի տարածումը նախ կանխվել է, ապա մարվել։
Դեպքի վայր է ժամանել նաև Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Այս պահին դեպքի լրացուցիչ զննություն են կատարում քննիչները և փորձագիտական կենտրոնի մի քանի փորձագետներ։