Կարեն Կարապետյանի կառավարության հեղինակած Աշխատանքային օրենսգրքի նախագիծը, որը բազմիցս քննադատվել էր հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների և մասնագիտական խմբերի կողմից, իսկ հեղափոխությունից հետո արժանացել էր Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բացասական եզրակացությանը (այնուհետև՝ կասեցվել էր), կրկին շրջանառության մեջ է դրվել։ Նախագիծը հունիսի 13-ին հրապարակվել է e-draft.am կայքում՝ այս անգամ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից։
Հիշեցնենք, որ օրենսգրքի այս նախագիծը վերացնում է գործով աշխատանքային օրենսգրքով նախատեսված մի շարք կարգավորումներ՝ կապված, մասնավորապես, արտաժամյա աշխատանքի, երկարացված և լրացուցիչ արձակուրդների, վնասակար աշխատանքի վարձատրության և պայմանագրի լուծարման հիմքերի հետ, ինչը ավելի խոցելի է դարձնում աշխատողին և, որոշ դեպքերում, ուղղակիորեն զրկում նրան պետական պաշտպանությունից։
Այս նախագծի կրկին ի հայտ գալու կապակցությամբ հատվածաբար վերահրապարակում ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, աշխատանքային իրավունքի փորձագետ Հերիքնազ Տիգրանյանի՝ դեռ 2018 թվականի հունվարին հրապարակած անդրադարձը, որը հակիրճ նկարագրում է առաջարկվելիք փոփոխությունների առավել մտահոգիչ դրույթները․
_Արտաժամյա աշխատանք
Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բացի արտաժամյա աշխատանքի համար օրենքով սահմանված բացառիկ հիմքերից, արտաժամյա աշխատանք կարող է կատարվել նաև գործատուի և աշխատողի համաձայնությամբ, ընդ որում տարվա կտրվածքով առանց ժամային սահմանափակման:
Այսպիսի կարգավորմամբ մեծանում է գործատուի կողմից աշխատանքի շահագործման ռիսկը, քանի որ տարվա ընթացում ցանկացած ժամաքանակով կարող է աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքի և միշտ պատճառաբանել, որ դա եղել է կողմերի համաձայնությամբ, քանի որ նախատեսված չէ աշխատողի համաձայնությունը գրավոր ստալու ձևը: Մյուս կողմից աշխատողն արդարացիորեն կարող է մտավախություն ունենալ, որ արտաժամյա աշխատանք կատարելու գործատուի պահանջին չհամաձայնելը կարող է որակվել որպես գործատուի հանձնարարության չկատարում՝ դրանից բխող բացասական հետևանքներով, ուստիև միշտ կհամաձայնի ցանկացած դեպքում և անկացած ժամաքանակով արտաժամյա աշխատանքին:
_Ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդներ
Նախագծով առաջարկվում է ամենամյա երկարացված և լրացուցիչ արձակուրդների տևողությունները սահմանել կողմերի համաձայնությամբ՝ ուժը կորցրած ճանաչելով լրացուցիչ արձակուրդի իրավունք տվող մասնագիությունների/աշխատանքների ցանկերը:
Ստացվում է, որ պետությունը հրաժարվում է իր կարգավորիչ գործառույթից և ոչ միայն չի սահմանում ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեցող աշխատողների ցանկը, այլև չի նախատեսում գոնե այն թույլատրելի նվազագույն շեմը, որից ավելի քիչ քանակով գործատուն իրավունք չունի արձակուրդ տրամադրել հիշյալ կատեգորիայի աշխատողներին։
Կարգավորումը կողմերի համաձայնությանը թողնելով, պետությունը ոչ թե խրախուսում կամ խթանում է բանակցային հարաբերությունները գործատու և աշխատողի միջև, այլ աշխատողին թողնում է անպաշտպան անսահմանափակ լիազորություններ ունեցող և աշխատաշուկայում եղանակ թելադրող, ինչպես նաև աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական հսկողությունից դուրս գտնվող գործատուի առաջ։ Վերջինս կարող է սահմանել, ասենք, կես օր երկարացված կամ լրացուցիչ արձակուրդ, և դա համարել ողջամիտ, և սրա հետ աշխատողի չհամաձայնելու հետևանքը կլինի աշխատանքը կորցնելը։
Նկատենք, որ այս կարգավորումը վերաբերում է միայն մասնավոր հատվածին, քանի որ Նախագծով սահմանված է, որ պետական և համայնքային հիմնարկների աշխատողների համար ամենամյա երկարացված և ամենամյա լրացուցիչ արձակուրդների տևողությունները սահմանում է ՀՀ կառավարություն։ Սա աշխատողների նկատմամբ ակնհայտ խտրականություն է՝ գործատուի տեսակով պայմանավորված, ինչն անթույլատրելի է։
_Աշխատանքի վարձատրությունը ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դեպքում
Նախագծով առաջարկվում է վերացնել ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքների համար Աշխատանքյաին օրենսգրքով նախատեսված հավելումների շեմերը՝ դրանք թողնելով գործատու-աշխատող համաձայնությանը և այդ աշխատանքների, մասնագիտությունների ու պաշտոնների ցանկը սահմանող կառավարության N1698-Ն որոշումը:
Առաջարկվող փոփոխությունները, բացի պետական և մասնավոր հատվածի աշխատողների համար տարբերակված կարգավորումներից, պարունակում են աշխատանքի շահագործման մեծ ռիսկեր։Գործող Օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված են ոչ պակաս 30 և 50 տոկոս հավելումներ վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների կատարման դեպքում։ Այդպիսի աշխատանքների ցանկը սահմանված է ՀՀ կառավարության 02.12.2010թ. N1698-Ն որոշմամբ։ Նախագծի առաջարկվող կարգավորմամբ վնասակար և առանձնապես վնասակար աշխատանքների ցանկն այլևս չի սահմանվելու պետության կողմից, ինչպես նաև աշխատանքային հարաբերությունների կողմերն են սահմանելու հավելումերի չափը։
_Աշխատանքի վարձատրությունը արտաժամյա և գիշերային աշխատանքի համար
Նախագծով առաջարկվում է հանել արտաժամյա և գիշերային աշխատանքի համար աշխատանքային օրենսգրքով սահմանված հավելումների նվազագուն չափը:
Գործող Օրենսգրքի 184-րդ հոդվածով սահմանված են գիշերային և արտաժամյա աշխատանքի համար համապատասխանաբար ոչ պակաս 30 և 50 տոկոս հավելումներ, իսկ առաջարկվող կարգավորմամբ այդ չափը որոշելը թողնված է կողմերի համաձայնեցմանը։ Նկատենք, որ պետական և մասնավոր հատվածի աշխատողների համար տարբերակված մոտեցում է ցուցաբերված։ Նախագծի հիշյալ հոդվածների համաձայն՝ պետական և համայնքային հիմնարկների աշխատողների համար արտաժամյա ու գիշերային աշխատանքի հավելումների չափը սահմանում է ՀՀ կառավարությունը։ Սա ակնհայտ խտրականության ևս մեկ դրսևորում է։
_Վսահությունը կորցնելու հիմքով պայմանագրի լուծում
Առաջարկվում է վստահությունը կորցնելու նոր՝ 4-րդ հիմք գործատուի նախաձեռնությամբ պայմանագիրը լուծելու համար:
Գործող աշխատանքային օրենսգրքով վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագիրը լուծվում էր երեք պայմանի առկայության դեպքում: Մինչդեռ առաջարկվող փոփոխությամբ ավելացվում է նաև 4-րդ կետը, որը, ավելի շատ իրավական հիմքեր է տալիս գործատուին՝ ի վնաս աշխատողի աշխատանքային իրավունքների պաշտպանության: Խոսքը վերաբերում է առևտրային իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի՝ իր աշխատանքային պարտականությունները բարեխիղճ չկատարելու դեպքերին:
_Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր
Գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների թղթաբանության բեռը թեթևացնելու նպատակով նախատեսվում է, որ վերջիններս կարող են չընդունել ներքին իրավական ակտեր, փոխարենը ներքին իրավական ակտերով կարգավորման ենթակա պայմանները կարող են ներառել աշխատանքային պայմանագրերում, որի օրինակելի ձևը սահմանում է լիազորված պետական մարմինը:
…Առաջարկվող կարգավորումը, թղթաբանության բեռի թեթևացման իմաստով, որևէ հարց չի լուծում, փոխարենն առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր՝ թաքնված աշխատանքի առումով։ Առաջին հայացքից պարզեցված թվացող թղթաբանությունը կարող է գրավիչ լինել ձեռնարկությունների համար և չձևակերպված աշխատվողների թվի աճի «շնորհիվ» վերջիններս սկսեն գործել որպես գերփոքր ձեռնարկատիրություն։