Դատավոր Մնացական Մարտիրոսյանը այսօր հրապարակեց Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանին ուղղված գրությունը, որով Բաբայանը փորձում է պարզել, թե որքա՞ն է կազմում գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից պետությանը պատճառված վնասի չափը և արդյոք արգելք է դրված նրան պատկանող տնտեսության, անշարժ եւ շարժական գույքի վրա։
Դատավոր Մարտիրոսյանը այս կապակցությամբ հայտարարեց, որ քրեական գործի նյութերը դեռեւս չեն հետազոտվել, պետությանը պատճառված վնասի չափը հստակեցված չէ, սակայն հայտնի է, որ գեներալ Մանվելի և նրա մերձավորների ամբողջ գույքի՝ այդ թվում բաժնետոմսերի և տրանսպորտային միջոցների վրա արգելք է դրված։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Ձերբակալումից հետո՝ 2018 թ. հոկտեմբերի 17–ին նա դիմել էր կառավարությանը եւ ցանկություն հայտնել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը։ Այս մասին հայտնել էր Գրիգորյանը պաշտպան Լեւոն Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ նվիրաբերվող տարածքի շուկայական արժեքը մի քանի անգամ գերազանցում է Գրիգորյանի պետությանը պատճառված ենթադրյալ վնասի չափը։ ՀՔԾ-ն, սակայն, տեղեկացրել էր, որ վարույթում գտնվող գործով հստակեցված չէ հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի չափը, եւ առաջարկել Պետգույքի կառավարման կոմիտեին հարցի քննարկումը հետաձգել մինչեւ համապատասխամ դատավարական գործողությունների ավարտը։
Հիշեցնենք նաև, որ Մանվել Գրիգորյանի բացակայության պատճառով այսօրվա դատական նիստը կրկին հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 25-ին: